23.11.2024
Հապաղում է պետությունը` տառապում երեխաները. պալիատիվ խնամքը դեռ անհասանելի է
prev Նախորդ նորություն

Դեմոգրաֆիական ու տնտեսական աղետի շեմին. Սերժ Սարգսյանը նոր նպատակներ է դնում՝ ինչո՞ւ

Վերջին շրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկրում ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, այն է՝ բնակչության թվաքանակը մինչեւ 2040 թ-ը 4 մլն, իսկ մի քանի տարիների ընթացքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10 հազար դոլարին հասցնելու թեզերը, մեծ աժիոտաժ են առաջացրել մամուլում ու փորձագիտական շրջանակներում: Սարգսյանի հայտարարությունները, տարբեր դիտանկյուններից վերլուծվում, քննադատվում ու գովաբանվում են:


Այս տարվա մայիսին, հանդես գալով ծրագրային ելույթով նորընտիր Ազգային ժողովում, Սարգսյանն ավելի հեռահար թիրախ նախանշեց: Այն է՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի ՝ հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները: Բանն այն է, որ այս երկու թիրախները սերտորեն փոխկապակցված են, ու եթե մի պահ պատկերացնենք ՀՀ-ում 4 մլն բնակչություն եւ 15 հազար դոլար շնչի հաշվով ՀՆԱ, ապա ընդհանուր ՀՆԱ-ի ծավալը պետք է կազմի շուրջ 60 մլրդ դոլար:


Թե ինչպե՞ս է մոլեգնող արտագաղթի ու ծնելիության կրճատման հետեւանքով բնակչության անշեղորեն նվազման եւ դոլարային արտահայտությամբ վերջին 3-4 տարում ՀՆԱ-ի ծավալների կրճատման միտում արձանագրող երկրում (2013 թ-ին ՀՆԱ-ն կազմել է 11,12 մլրդ դոլար, իսկ 2016-ին՝ 10,57 մլրդ) ապահովվելու Սարգսյանի ներկայացրած ցուցանիշները, պարզ չէ: Մյուս կողմից, առաջ քաշված թեզերը կարող են լինել ուղղակի քաղաքական պահով պայմանավորված հայտարարություններ, ինչպիսին ժամանակին հայ-իրանական երկաթուղու, նոր ատոմակայանի ու նավթավերամշակման գործարանի մասին բարձրակոչ խոստումներն էին, որոնք ի վերջո «սառույցին գրվեցին»:


Որոշ փորձագետներ չեն բացառում նաեւ, որ Սարգսյանը նման ելույթներով իրականում պատրաստում է հասարակությունն ու քաղաքական համակարգն իր վարչապետական պաշտոնավարմանը 2018 թ-ի ապրիլից հետո:


Դեմոգրաֆիական փոս. 4, թե՞ 2,5 մլն


Առկա տնտեսական ու դեմգրաֆիական միտումների պահպանման պարագայում, ժողովրդագրության հարցերով անգամ սիրողական մակարդակում զբաղվող ուսանողը կարող է փաստել 2040 թ-ին «4 մլնոց Հայաստանի» հեռանկարի գրեթե անհնարինությունը:


ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում Հայաստանում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, 2035 թ-ին բնակչությունը կնվազի մինչեւ 2,5 մլն. մարդ: Այժմ ըստ պաշտոական տվյալների ՀՀ-ում բնակչության թիվը հասնում է շուրջ 3 մլն-ի: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի մակարդակով արտագաղթը հայտարարվեց որպես «շատ վտանգավոր միտում», իսկ 2040 թ-ին երկրում 4 մլն բնակչություն ունենալը, ինչպես արդեն նշեցինք վերում, դրվեց որպես նպատակ:


Որպես տրամաբանական շարունակություն նախկին ղեկավարի առաջադրած նպատակի համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ոչ հեռավոր անցյալում Սերժ Սրագսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը:


Նա հայտարարեց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծումներ: Ըստ նրա` հաջողում են այն պետությունները, որոնք գնահատում և լուծումներ են փնտրում ոչ թե տվյալ պահի խնդիրներին, այլ այն խնդիրներին, որոնք ժամանակի մեջ դժվարությամբ մատնանշվում, բայց, այդուհանդերձ, մի օր, որպես ամբողջություն, ծանրանում են և թակում պետականության այս կամ այն դուռը:


Հատկանշական է, որ Սարգսյանի նախագահության ինը տարիների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 300 հազար մարդ: Սա առկա բնակչության 10 տոկոսից ավելի է, իսկ պատմական համատեքստում, տարբեր աղբյուրների հիշատակմամբ, մոտավորապես նույնքան մարդ Շահ Աբասը 1600 թթ.-ի սկզբին Հայաստանից տեղահանվեց դեպի Պարսկաստան կամ շուրջ այդքան հայերի Օսմանյան Կայսությունում կոտորեցին սուլթան Աբդուլ Համիդի իշխանության օրոք:


Ընդ որում, վերջին տաս տարիներին ամենամեծ ծավալի արտագաղթը ՀՀ-ից, ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցվել է անցնող 2016 թվականին՝ 48.200 մարդ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2017-ի տարեսկզբին 2016թ հունվարի 1-ի համեմատ նվազել է 0.4 %-ով կամ 12.1 հազ.մարդով, ինչը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12.5 հազ. մարդ) եւ միգրացիայի գնահատված մնացորդի (-24.6 հազ. մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:


Սերժ Սարգսյանը ընդամենը 6 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 20-ին ժողովրդագրական հարցերով իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտաարարեց, որ Հայաստանը դատարկվելու մասին պնդումը «անհեթեթ թեզ է»: 2011 թվականին Հայաստանից մեկնածների թիվը պետք է ընդամենը 5 հազարով գերազանցեր վերադարձողների թվին: Այժմ արդեն արտագաղթը դարձել է «խիստ վտանգավոր միտում»:


Գարիկ Հայրապետյանի խոսքով, ՄԱԿ-ն ունի նաեւ լավագույն սցենար Հայաստանի համար, սակայն դրա համար պետք է սկզբունքորեն այլ բարվոք պայմաններ ապահովել: «Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ, ինչին հասնելու համար անհրաժեշտ է շատ մեծ աշխատանք տանել տնտեսական վիճակի բարելավման, ներգաղթի ապահովման ու ծնելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ», - ասաց նա ու հավելեց, որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:


«Օրինակ՝ Եվրոպայում դա հաջողվեց անել սկանդինավյան պետություններին ու Ֆրանսիային: Սակայն այնտեղ ոչ թե ուղղակի փողի միջոցով խրախուսեցին ծնելիությունը, այլ գնացին ուրիշ ճանապարհով: Նրանք այնպես արեցին, որ կինը չվախենա ծննդաբերելուց, որ կարող է կորցնել աշխատանքը, կարիերան տուժել եւ այլն», - նշում է նա:


Շնչի հաշվով 10 հազար դորալ ՀՆԱ, իսկ որքա՞ն բնակչություն


Իրատեսական զարգացումների դեպքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կլինի 10000 դոլար առնվազն 19 տարի հետո, եթե ՀՀ-ում այդ 19 տարիներին միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ գրանցվի, կարծում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը ու հավելում. «Միջինում 4 տոկոսանոց տնտեսական աճի պարագայում այն կխլի 23․5 տարի»։


Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, իշխանությունները կարող են ի թիվս այլոց խոսել, որ իրենք նկատի են ունեցել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն արտահայտված գնողունակության համարժեքության գործակիցը (PPP), որով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ներկա պահին մոտ 8200 դոլար է։ «Այս պարագայում խոսքն ընդամենը 5 տարվա մասին կլինի /միջինում 5 տոկոսի պարագայում/», - պարզաբանում է նա։


Ըստ այդմ նա եզրակացնում է, որ ներկայումս ավելի հավանական սցենարն է, որ բնակչությունը 3 մլն-ից կդառնա 2․5 մլն ու նույն PPP-ով արտահայտված ՀՀ-ում արդեն շատ մոտ ապագայում, օրինակ՝ 2019-ին կարձանագրվի 10000 դոլար մեկ շնչի հաշվով ցուցանիշ՝ արտահայտված PPP-ով։ «Սրան հասնելու համար պետք է մեկ-երկու տարի կենսաթոշակ չբարձրացնել ու մոտ 480000 կենսաթոշակառուով բնակչությունը ավտոմատ կպակասի», - նշում է փորձագետը։


Վերջում նա հիշեցնում է, որ պետք չէ մոռանալ նաեւ ֆորս մաժորների մասին (օրինակ պատերազմը), որոնք կզրոյացնեն բոլոր քանակական խոստումները/թիրախները։ «Իսկ մինչև 2040 թվական հաստատ լիքը ֆորս մաժորներ կլինեն՝ Դիլիջանի ֆինանսական կենտրոնը վկա», - վստահ է նա։


Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի 2018թ.-ի ուղերձի կանխատեսվող 5.4 տրիլիոն դրամի հասնող 2017թ.-ի անվանական ՀՆԱ-ի պարագայում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 3750 դոլար: Նման միտումի պահպանման պարագայում 2025թ.-ին ՀՆԱ-ն կհասնի մոտ 7.2 տրիլիոն դրամի, որի պարագայում 1 շնչի հաշվով կունենանք մոտ 5000 դոլարի հասնող մեկ շնչին ընկնող ՀՆԱ: 2040թ.-ին կունենանք 10.5 տրիլիոն դրամի հասնող ՀՆԱ, որը 3 միլիոն բնակչության պարագայում մեկ շնչի հաշվով կկազմի մոտ 7300 դոլար կամ 2700 դոլարով ավելի քիչ քան Սերժ Սարգսյանի նշած թիրախային՝ 10000 դոլար ցուցանիշն է:


«Իսկ եթե ընդունենք, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը իրագործելի է և 2040թ.-ին ՀՀ բնակչության կարող է լինել 4 մլն մարդ, ապա այդ դեպքում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10000 դոլար լինելու պարագայում ՀՆԱ-ն կկազմի 40 միլիարդ դոլար կամ (ներկայիս դոլարի կուրսով) 19.2 տրիլիոն դրամ»,- նշում է factor տեղեկատվական կենտրոնը:


Այսպիսով, Սերժ Սարգսյանի նշած՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 10000 դոլար ցուցանիշի ապահովումը 2040 թ-ին կարող է իրատեսական լինել 2.1-2.2 մլն բնակչության պարագայում, որի դեպքում ՀՆԱ-ն կկազմի 21-22 միլիարդ դոլար: Սակայն դա էլ կհակասի Սարգսյանի կողմից արված նախորդ հայտարարություններին, ըստ որոնց ՀՀ բնակչությունը 2040թ.-ին կազմելու է 4 մլն մարդ: Ստացվում է, որ կամ 4 միլիոն բնակչություն ունենալն իրատեսական չէ, կամ առաջիկա տարիներին մեկ շնչի հաշվով 10 հազար դոլարին համարժեք ՀՆԱ ունենալը:


Հայտարարությունների արժեքն ու նշանակությունը


Փորձագետների մի մասը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը իր ելույթներում նման ամբիցիոզ հեռահար ծրագրերից խոսելով, պատրաստում է քաղաքական համակարգը 2018 թ-ի ապրիլից հետո իր պաշտոնավարման երկարաձգմանը՝ վարչապետի դիրքում:


«Հաշվի առնելով, որ 2018 թվականի ապրիլից հետո այսօրվա նման նախագահ եւ վարչապետ չի լինելու, լինելու է պետության մի դեմք, որը պատասխանատու է լինելու այսօրվա վարչապետի եւ նախագահի գործողությունների համար: Այսինքն՝ ե՛ւ տնտեսության համար, ե՛ւ արտաքին քաղաքականության: Դա պետության առաջին դեմքի ելույթ էր եւ դա ընդամենը իմ պատկերացմամբ նախընտրական ելույթ էր: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը», - նշում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը armtimes.com-ի հետ զրույցում:


Նա կարծում է, որ Սարգսյանն արդեն նախընտրական ռեժիմով է աշխատում եւ սրանից հետո հենց այդ ռեժիմով էլ շարունակելու է աշխատել: «Այսինքն՝ ընտրություններ որպես այդպիսին, վարչապետի չի լինելու, բայց դա ուղղված է լինելու նրան, որ հասարակական ընդվզումը մեծ չլինի: Հասարակությունն այնքան էլ շատ չբարկանա, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է պաշտոնավորել: Ընտրություն չկա, բայց իմիջի խնդիր կա չէ՞», - նշում է փորձագետը:


Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  VERELQ-ի հետ զրույցում Սարգսյանի վերջին հայտարարություններում դեռեւս հստակ վարչապետական ամբիցիաներ չի տեսնում: Միեւնույն ժամանակ նրա խոսքով, անիրականանալի հայտարաթյուները բնորոշ են Հայաստանում տարբեր մակարդակներում ընթացող քաղաքական դիսկուրսներին:


«Այդ դիսկուրսները մենք կարող ենք տեսնել մամուլում, հանրային ու քաղաքական տարբեր հարթակներում: Լուրջ, պատասխանատու ծրագրային խոսակցությունները էական դեր չեն խաղում, դրանք այժմ բնորոշ չեն մեր քաղաքական իրականությանը: Օրինակ՝ նույն ընդդիմությունն էլ (ի նակտի ունի Ելք դաշինքը – խմբ.) պահանջում է ՀՀ-ի անդակամցության դադարեցում ԵԱՏՄ-ում: Պարզ է, որ դա անիրականանալի է ներքին եւ արտաքին այս քաղաքական կոնֆիգորացիայի պայմաններում, սակայն դա չի խանգարում տվյալ ուժին հանդես գալ նման նախաձեռնությամբ», - ընդգծում է Իսկանդարյանը:


Քաղաքագետի խոսքով, Սերժ Սարգսյանի հայտարարություններն ավելի շատ պետք է ընկալել հանրության շրջանում առկա դժգոհությունների համատեքստում:


«Մարդիկ դժգոհ են սոցիալ-տնտեսական վիճակից ու արտագաղթի միտումներից: Նույն մարդիկ կարծում են, որ կառավարության նպատակային քաղաքականությամբ միջնաժամկետ հեռանկարում կարելի է լուծել այդ խնդիրները: Այս տեսանկյունից, Սարգսյանի «4 մլն բնակչություն» եւ «10 հազար դոլար մեկ շնչին ՀՆԱ» ունենալու մասին թեզերն ամբողջությամբ տեղավորվում են հանրային դժգոհություններին պատասխանելու տրամաբանության ծիրում», - եզրափակեց նա:


Պատրաստեց Արշալույս Մղդեսյանը