Տնտեսական որոշ հանցագործություններ կապաքրեականացվեն
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարական տվեց՝ ապաքրեականացնել տնտեսական որոշ հանցագործություններ:
Նա հիշեցրեց, որ 2017 թվականի փետրվարին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց 2 միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչեւ 4 միլիոն դրամի: Իրականացված ուսումնասիրությունների եւ գործարարների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում, ասաց նա, առաջացել է «Քրեական օրենսգրքով» նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտությունը:
«Միջազգային փորձը ուսումնասիրելուց պարզվել է, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան: Հետևաբար հանձնարարում եմ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների, արդարադատության նախարարներին, ինչպես նաեւ պետական եկամուտների կոմիտեի նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել «Քրեական օրենսգրքով» նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան եւ առկա է դրանց վարչական վարույթի, քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները»,- հավելեց իր խոսքը վարչապետ Կարապետյանը: