ԿԳ նախարարը չի հանդիպել ուսանողներին, դասադուլը կշարունակվի վաղը
ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքված, դասադուլի մասնակից ուսանողները ստորագրեցին պաշտպանության նախարարին ուղղված նամակի տակ՝ ի պաշտպանություն տարկետման կիրավունքի սահմանափակման դեմ բողոքին: Այս մասին հաղորդում է Tert.am-ը:
Ուսանողներից մեկը նշել է, որ փորձել են հանդիպել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է իրենց ընդունել: Այսօր էլ ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում նախարարի հետ, բայց դարձյալ ապարդյուն:
Ակցիայի մասնակիցները որոշել են, որ դասադուլն անժամկետ է լինելու, հանրային մարդկանց են կոչ անելու, որ իրենց միանան: Ընդ որում նշում են, որ դասադուլը չի վերաբերում ծառայել-չծառայելուն, այստեղ բողոքը տարկետման իրավունքի խիստ սահմանափակմանն է վերաբերում:
Այսօրվա դասադուլն ավարտվեց: Ուսանողները գնացին՝ վաղը կրկին հավաքվելու պայմանավորվածությամբ:
Հիշեցնենք, այսօր առավոտվանից ուսանողները Երեւանի պետական համալասարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ տարկետման իրավունքի փաստացի վերացման, որը նախաատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով: