ԱԺ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին:
Արա Բաբլոյանը ներկայացրել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո սկսված գործընթացներին: Խորհրդարանի ղեկավարը հյուրերին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:
Արա Բաբլոյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանի դերն ու նշանակությունը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ազգային ժողովը միշտ էլ ունեցել է կարեւոր դերակատարություն, սակայն այժմ ավելի են ընդլայնվում նրա հնարավորություններն ու լիազորությունները, մեծանում պատասխանատվությունը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական վերջին զարգացումներին, ընտրական համակարգի բարեփոխումներին, Սահմանադրության կիրարկմանը, դատական իշխանության անկախությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ: