Վարչապետը Իրանում քննարկել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնումը
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:
Կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:
Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Իրանի ազգային գազային ընկերությունը դիտարկում է Հայաստանի հարցումը՝ իրանական գազի մատակարարումները ավելացնելու մասին։ Ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն, մասնավորապես, ասել էր, որ Իրանն ուզում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել՝ գազի արտահանումը ավելացնելու մասին, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանա, թեև ներկայումս Իրանը Հայաստան գազ է մատակարարում էլեկտրականության դիմաց։
Նա նաև նշել էր, որ եթե կողմերի միջեւ ձեռք բերվի համաձայնություն, գազն էլեկտրաէներգիայով փոխանակելու մասին պայմանագիրը չի չեղարկվի։ Սակայն ընկերությունը կցանկանար Հայաստանի հետ առանձին համաձայնագիր կնքել ու գազի մատակարարումների դիմաց գումար ստանալ։