Վրաստանի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ-ի կողմից նորանշանակ դեսպանին հավատարմագրեր չի տվել: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկատվությունը ստուգելու համար կապվել է արտաքին գերատեսչության հետ:
«Երբ դեսպանի վերաբերյալ որոշում է կայացվում, դա հանրայնացվում է: Թեմայի վերաբերյալ շահարկումները անտեղի են»,- հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, գրում է aliq.ge-ն:
«Սերգեյ Մինասյանը Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է: Տարբեր առցանց լրատվականների տեղեկատվությամբ, նա սերտ կապեր ունի «Ջավախք» կազմակերպության հետ:
Մինասյանը մի քանի հոդված է հրապարակել, որտեղ «Ջավախքի հարցը լուծելու համար Ռուսաստանի ներգրավվածությունն է պահանջել»,- ասվում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության` Մոամբեի հոդվածում:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը խիստ տոնով արձագանքել էր Սերգեյ Մինասյանի ագրեմանի Թբիլիսիի մերժման մասին մամուլի հրապարակումներին: «Բավական է մութ սենյակում սեւ կատու փնտրել, հատկապես, որ այդ սենյակում կատու չկա»,- ասել էր Բալայանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժամանակ»-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, գրել էր, պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը։
«Չեմ անդրադառնա ձեր կողմից հիշատակվող կոնկրետ երկրին, այլ ընդհանուր առմամբ ցանկանում եմ շեշտել, որ դիվանագիտական պրակտիկայում ագրեմանի գործընթացը հրապարակային չէ, ուստի արտգործնախարարությունը երբեւիցե որեւիցե մեկնաբանություն, հերքում կամ հաստատում այդ գործընթացների վերաբերյալ չի արել, եւ այս սկզբունքին համապատասխան հետագայում եւս հրապարակայնորեն չի արձագանքելու որեւիցե ագրեմանի վերաբերյալ լուրերին»,- ասաց Բալայանը:
ՀՀ արտգործնախարարության խոսնակը նաեւ ընդգծեց, որ «բոլոր մնացած հրապարակումները բամբասանքների շարքից են»: