ՀՀ ՊՆ. Մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շահարկումներն անտեղի են
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը վերջին պահին մասնակցությունից հրաժարվելու հետ կապված շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է.
«ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին:
Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել:
Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:
Հիշեցնենք, Հայաստանը չմասնակցեց Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: Համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության հանրային կապերի պատասխանատու Գիորգի Կաջարավանի՝ Երևանը վերջին պահին է հրաժարվել մասնակցությունից:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր, որ մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք Agile Spirit 2017» զորավարժություններին: Սակայն, ցավոք, վերջին պահին մեր հարևան երկիրը հրաժարվեց մասնակցությունից»,- ասել է նա: