25.11.2024
Կառավարությունում քննարկվել են տնտեսական կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հարցեր
prev Նախորդ նորություն

Շամիրամում սպանությունների պատճառը 100 հազար դոլար պարտքն է եղել. ուշագրավ մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը. մեկ անձ հետախուզվում է, ևս մեկը՝ ձերբակալվել է:


Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։


Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել 2017թ. օգոստոսի 1-ին 4 անձի մահվան ելքով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 1967թ. ծնված Թելման Քալաշյանն է: Մասնավորապես՝ 2017թ. օգոստոսի 1-ին ՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Թ. Քալաշյանը գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել իր ազգականի հետ՝ վերջինիս բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել է վիճաբանության: Այնուհետև՝ Թ. Քալաշյանը, իմանալով, որ ազգականը և վերջինիս բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թ. Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել է փախուստի, որից հետո սգո սրահում ներկա գտնվողներից մեկը, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով հետապնդել է Թ. Քալաշյանին՝ վերջինիս փախուստը կանխելու և նրան բռնելու նպատակով: Քննությամբ պարզվել է, որ ականատես անձը Շամիրամ գյուղի սկզբնամասում հասել և իր վարած ավտոմեքենայի դիմացի հատվածով հարվածել է Թ. Քալաշյանի վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով նշված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մտել հարակից դաշտ և առաջացած անսարքության պատճառով՝ կանգնել:


Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը հրազենը ձեռքին իջել է ավտոմեքենայից և կրակոցներ արձակել իրեն հետապնդող անձի ուղղությամբ: Սակայն վերջինս խուսանավել է: Այնուհետև, Թ. Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Թ. Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի:


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Թ. Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:


Եզդիների համայնքի ներկայացուցիչ Ազիզ Թամոյանը եւս հայտնել է, որ Շամիրամիում կրակոցների պատճառը գումարն է եղել: «Շամիրամ համայնքում բոլորն էլ ասում են, որ պատճառը գումարն է եղել: 100 հազար դոլարի կռիվ է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ազիզ Թամոյանը, ում ազգականներից երկուսը նույնպես երեկ վիրավորվել էին Շամիրամ համայնքում հնչած կրակոցներից:


Թամոյանն այսօր այցելել է Շամիրամ համայնք, որտեղ այսօր էլ խիստ հսկողություն է սահմանվել իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից: Թամոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը գնացել և խոսել է իր համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի ընթացք չտան կատարվածին և թողնեն, որ իրավապահները բացահայտեն կատարվածը: 


«Գնացի, սաղի հետ խոսեցի, որպեսզի նորից չկրկնվի եղածը: Վենդետա չիրականացվի: Մարդ են, պահի տակ կարող են նույն սխալ քայլը կրկնել, չկարողանան իրենց զսպել»,- ասաց Թամոյանը՝ հավելելով. «Ինձ պատմեցին, որ գումարի հարց է եղել, էդ Թելմանը ժամանակին 100 հազար դոլար է տվել իր բարեկամին, նա էլ չի կարողացել վերադարձնել: Բայց ասել է՝ կտամ: Նա էլ չի սպասել և գնացել կրակել է: Իրար բարեկամ են, աղջիկ են տվել, աղջիկ են ուզել իրարից, այլ բարեկամական կապերով են կապված: Ստացվում է, որ իր բարեկամներին է սպանել»,- ասաց Թամոյանը: