Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մակարդակը, երկու երկրների ղեկավարների կողմից վարվող քաղաքական երկխոսությունը: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Նրա խոսքով` երկու երկրների նախագահների հաճախակի հանդիպումները թույլ են տալիս լուծելու կոնկրետ խնդիրներ, երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում մշակվում են նաեւ միջխորհրդարանական համագործակցության նոր սկզբունքներ:
«Հայաստանը եղել եւ վստահությամբ կշարունակի մնալ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, որի հետ մենք կառուցում ենք ամուր փոխգործակցություն: Այս առումով, Ռուսաստանը Հայաստանի վստահելի գործընկերն է»,- ընդգծել է Վալենտինա Մատվիենկոն:
Տիկին Մատվիենկոն կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցության ներկա մակարդակի պահպանումը:
Իր հերթին Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի ավանդական ջերմ ու բարեկամական կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը եւ այս տարիների ընթացքում երկու երկրները դաշնակցային գործակցության որակական նոր մակարդակի են հասել:
«Այս առումով, ցանկանում եմ ընդգծել, որ մեր ակտիվ մասնակցությամբ եվրասիական ինտեգրացիոն գործընթացում ընդլայնվում է համագործակցությունը առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում»,- փաստել է Արա Բաբլոյանը:
Կողմերը քննարկել են միջխորհրդարանական պայմանագրերին, միջպետական ու միջկառավարական համաձայնագրերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: