Հայաստանն ու Բելառուսը նախաձեռնել են օդային հաղորդակցությունների ընդլայնոման գործընթաց
Հայաստանն ու Բելառուսը նախաձեռնել են երկու երկրների միջև գործող ավիացիոն ոլորտի միջազգային համաձայնագրի վերանայման գործընթացը, որի շրջանակում հնարավոր է Հայաստանի և Բելառուսի միջև օդային հաղորդակցություններն ընդլայնվեն:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև օդային հաղորդակցությունների հնարավոր ընդլայնումը՝ նախաձեռնելով երկու երկրի միջև գործող ավիացիոն ոլորտի միջազգային համաձայնագրի վերանայման գործընթացը:
Սերգեյ Ավետիսյանը, խոսելով երկու երկրի օդային հաղորդակցության մասին, ողջունել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության՝ հայկական շուկայում Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով ուղիղ չվերթների վերսկսումը: