Մենք երբեք չենք ձգտել որևէ բան ստիպել, բայց եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի և չենք պարտադրի մեր ներկայությունը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար, դրական էր, և մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր եղան. դրանք ակնհայտ են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իրեն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին, հայտարարել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հիշեցնենք, վերջինիս նախորդ շաբաթ արված այն հայտարարությունը, թե ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով դրա կազմը, հայաստանյան իշխանությունները բավականին կոշտ էին արձագանքել: Այդպես, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում, իսկ Պյոտր Սվիտալսկին փորձ է անում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը:
Սվիտալսկու խոսքով, ինքը չի պատրաստվում հաղորդել ուղերձներ հանրային հայտարարությունների միջոցով, քանի որ հայաստանյան իշխանությունների հետ ունեն շատ լավ աշխատանքային հարաբերություններ ունեն, հաղորդակցության միջոցներ և ալիքներ, ինչը գնահատելի է: Բայց և շեշտեց, որ ինքը հանրային հայտարարությունը պարզապես տեղեկացնելու համար է արել, թե ինչ են իրենք անում և ինչ են մտածում:
«Ես մասնագիտական տեսանկյունից բավարարված դիվանագետ եմ, որովհետև կարողանում եմ շատ ուղղակի, անկեղծ երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ: Եվ իմ թե՛ նախկինում, թե՛ հիմա հնչեցրած բոլոր կարծիքները հայտնի են իշխանություններին»,- ասել է Սվիտալսկին:
Անդրադառնալով անցած խորհրդարանական ընտրություններին ԵՄ դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը ընտրությունների կազմակերպման համար տրամադրել է ավելի քան 7 միլիոն եվրո գումար, ինչը հասկանալի է դարձնում այն հանգամանքը, որ առանց ԵՄ-ի ներգրավվածության նորագույն տեխնոլոգիաների տեղադրումը ընտրություններին չէր իրականանա: Բայցև ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, նրա խոսքով, միայն ֆինանսավորմամբ չի եղել, ավելին՝ ֆինանսական օգնությունը ամենափոքր կարևոր մասն էր ԵՄ-ի բերած նպաստի՝ Հայաստանում ընտրությունների անցկացման գործընթացում:
«Ցանկանում եմ շատ հստակ շեշտել, որ դա արեցինք հայաստանյան իշխանությունների բաց խնդրանքի հիման վրա: Մենք պատրաստ ենք շարունակելու մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք պատրաստ ենք հարգելու Հայաստանի սուվերենությունը. ոչ մի բան ձեր կամքին դեմ չենք անի»,- հավելել է նա: