24.11.2024
Կտրուկ անկում. Թուրքիան մայիս ամսին 75 տոկոսով կրճատել է զենքի արտահանումն Ադրբեջան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն արձագաանքել է ԵՄ դեսպանի՝ ԿԸՀ-ին ուղղված քննադատությանը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախօրեին արված հայտարարությանը, ըստ որի պետք է քայլեր ձեռնարկել ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է news.am-ը:


Հարցին, թե ինչպե՞ս է ԱԳՆ-ն վերաբերվում Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին եւ արդյոք կիսում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեսակետը, թե դա միջամտություն է երկրի ներքին գործերին, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է.


«Դիվանագիտական առաքելությունների և դրանց անդամների լիազորությունների շրջանակը սահմանված է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիայով։ Դավիթ Հարությունյանը կառավարության անդամ է, ով լավագույնս տիրապետում է իրավական փաստաթղթերին»:


Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ի աշխատանքն արդյունավետ է, սակայն ոչ արժանահավատ եւ հորդորել էր քայլեր ձեռնարկել ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա նաեւ առաջարկել էր փոփոխել ԿԸՀ կազմը՝ ներգրավելով քաղհասարակության անդամներին: ԵՄ դեսպանը նշել էր, որ իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին:


Այս առնչությամբ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դա Հայաստանի ներքին քաղաքական հարցերին միջամտելու որոշակի փորձ է: «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե՝ ոչ, երկրի ներքին խնդիրն է: Այդ հարցը որոշում է Ազգային ժողովը: Կարծում եմ, որ որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե՝ այլ նպատակներով»:


Նախարարը նշել է, որ ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանը իր դիրքորոշումը չպետք է հայտնի. «Ես կարծում եմ, որ սա եւս քաղաքական հարց է եւ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները: Համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը Վենետիկի հանձնաժողովն է, որը տվել է իր եզրակացությունը»: