VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատժելու է բոլոր պատասխանատուներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գեւորգ Մանգասարյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքի երեկ նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել: Այն տեղափոխվել է չորեքշաբթի օրը՝ ժամը 3-ին, «Կանյաչնիում»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը ինքնաբացարկի դիմումներից հրաժարվածներին տեղեկացնելու է, թե նրանցից ովքեր վայր կդնեն մանդատները: Մյուսներին էլ տեղեկացնելու է, թե իրենցից ով է լինելու ԱԺ փոխնախագահը, ովքեր՝ հանձնաժողովի նախագահներն ու փոխնախագահները: Իսկ մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ այդ բոլոր հարցերի քննարկումը դեռ չի ավարտել, դրա համար էլ այդ հանդիպումը հետաձգել է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց հրաժարված ԲՀԿ-ի փող բաժանողները կիրակի օրը կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ գումար են բաժանել Տարոն Մարգարյանի համար։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Կրիվոյ» թաղամասում խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի համար փող բաժանողը աշխատել է Տարոն Մարգարյանի օգտին ու վերջինիս քվեարկելու համար բաժանել 10 հազարական դրամներ: Ի դեպ, Երևանի մեկ այլ թաղամասում նույն ԲՀԿ-ականները բնակիչներին առաջարկել են ոչ թե 10, այլ 7 հազար դրամ՝ պատճառաբանելով, որ 3 հազար դրամը վերցրել են փող բաժանողները»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «2016 թվականի նոյեմբերի 10–ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների, տարածքային կառավարման եւ զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը: «Անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,– նշել էր Կ. Կարապետյանը: Նա շեշտեց՝ խոսքը վերաբերվում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբներին: «Որովհետեւ շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,– ասաց Կարեն Կարապետյանը: Անցել է վեց ամիս, ոչ մի գիշերային ակումբ, ոչ մի ստրիպտիզ–բար չի փակվել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում: Զորօրինակ` ողջ գիշեր գործում է ու մեկ օր էլ չի փակվել Տերյան–59 հասցեում գտնվող «Օմեգա» գիշերային ակումբը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորների մանդատների բաշխումը ՀՀԿ-ում կանգնեց ջավախքցի պատգամավոր, ցուցակի 33 համար Տաճատ Վարդապետյանի վրա։ Վերջին անցնողը 32-րդ համար Կարինե Աճեմյանն էր։ Նրանից հետո գտնվողները, սակայն, դեռ չեն կորցրել պատգամավոր դառնալու հույսը, բայց պետք է սպասեն։ Հնարավոր է՝ 2018-ից հետո գնան, իսկ հնարավոր է, որ շատ ավելի շուտ լինի դա՝ պատգամավորներից որեւէ մեկի՝ գործադիրում պաշտոն ստանալու արդյունքում։ Եթե ցուցակի վերեւի հատվածի տղամարդկանցից որեւէ մեկը գնա պաշտոնի, մանդատ կստանա Տաճատ Վարդապետյանը, իսկ եթե կանանցից որեւէ մեկը՝ ցուցակի հաջորդ կինը՝ Նաիրա Կարապետյանը։ Տաճատ Վարդապետյանը, որի հումորի զգացումը հայտնի է բոլորին, օրերս զանգահարել է Նաիրա Կարապետյանին եւ ասել․ «Կյանքը հետաքրքիր բան է, Նաիրա, ո՞վ կսպասեր, որ կգա մի օր, որ ես կսպասեմ մի տղամարդու, դու՝ մի կնոջ»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Երեւանի ավագանու ընտրություններում 7 տոկոսից քիչ ավելի ձայն հավաքած «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հնարավոր է չվերցնի մանդատները, հայտարարելով, թե չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավել իրազեկներն էլ պնդում են, թե Փոստանջյանը, այնուամենայնիվ, կգնա քաղաքապետարան եւ, ինչպես խոստացել է, Տարոն Մարգարյանի օրը «դժոխք կդարձնի»: Թե ինչ որոշման կհանգի Փոստանջյանը, կերեւա առաջիկայում, սակայն մի բան պարզ է. եթե վերցնի մանդատները, նշանակում է` ընդունում է ընտրության արդյունքները եւ փաստում` Տարոն Մարգարյանն ընտրված քաղաքապետ է»:
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաեւ նախընտրական ժողովները: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ Սամվել Մանուկյանը մայիսի 14-ին ավագանու ընտրություններին 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր: Մինչ այդ, նկատենք, ընտրողին թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելու սպառնալիքների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն այդպես էլ չի հայտնել` գտե՞լ են ժողովը վարող անձին, թե՞ ոչ, եւ, առհասարակ, գործով մեղադրյալ կա՞, թե՞ ոչ: Բայց, դե, իրավապահների անգործության պատճառները պարզ են` նրանց հրահանգված է «ջրից չոր դուրս բերել» Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Արտակ Սարգսյանին պատկանող ընկերության սկանդալի հեղինակներին»: