Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Այս մասին ասված է «Ելք» դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայտարարության մեջ:
Դաշինքը արձանագրում է, որ ընտրական գործընթացի ընթացքում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, այդ գործընթացը ունեցել է կազմակերպված և կենտրոնացված բնույթ, ինչի վերաբերյալ «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռք բերել անառարկելի ապացույցներ: Այս ապօրինի երեւույթից բխող մի շարք խախտումներ տեղ են գտել ընտրական տեղամասերում, ինչը արձանագրվել է դաշինքի վստահված անձանց կողմից:
«ՀՀ իրավապահ մարմինները ընտրակաշառքների դեմ պայքարում ցուցաբերել են համատարած անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը, ընդհուպ խոչընդոտելով կատարված ընտրական հանցագործությունների բացահայտմանը. «Ելք» դաշինքին հաջողվել է ձեռքբերել և հրապարակել անառարկելի ապացույցներ, որ ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Քվեարկության օրը Ոստիկանության ներկայացուցիչները բռնություններ են գործադրել «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր նկատմամբ` ըստ էության խոչընդոտելով ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ հերթական փաստի բացահայտմանը»:
Ընտրակաշառքների բաժանման եւ ստացման շղթայում, ըստ դաշինքի, ներգրավված են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ եւ այդ երեւույթի նկատմամբ ձեւավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
«Ելք» դաշինքը ակնածանք է արտահայտում բոլոր այն քաղաքացիներին, վստահված անձանց, դիտորդներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, ովքեր ընտրական տեղամասում առաջնորդվել են քաղաքացիական գիտակցությամբ, իրենց քվեով և գործունեությամբ պաշտպանել են օրինականությունը և ժողովրդավարությունը: Դաշինքը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել դաշինքին:
««Ելք» դաշինքը արձանագրում է, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր եւ կայուն հենարան եւ Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունը իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը եւ Երևանի ավագանիում հանդես է գալու նրանց անունից: Դաշինքը ԱԺ-ում Երևանի ավագանիում իր գործունեության ընթացքում և ընդհանրապես՝ միջոցներ է ձեռնարկելու 2017 թվականի ԱԺ ընտրությունների Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինի երեւույթների պատշաճ քննության իրականացմանը հասնելու համար, հետևողական ևս կզբունքային պայքար է մղելու այդ երևույթների դեմ: «Ելք» դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Ելք» դաշինքը հաշվարկի արդյունքում ավագանիում ստանում է 13 մանդատ:
Հիշեցնենք, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների՝ ՀՀԿ-ն ստացել է 71.25 %, «Ելք»-ը՝ 21 %, «Երկիր ծիրանի»-ն՝ 7.75%: