Եվրոպան հատուցում է Թրամփի քաղաքականության համար
ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենը հարցազրույցում անդրադառնալով Թրամփի այն հայտարարություններին, թե Իրանը «աղաչում» է գործարք կնքել, հայտարարել է․
«Հետաքրքիր ձև է խնդրելու, երբ դու ավելի ու ավելի շատ հրթիռներ ես արձակում մեր և մեր դաշնակիցների ուղղությամբ և հասնում ես նրան, որ հութիները փակում են նաև Կարմիր ծովից ելքը՝ ի լրումն արդեն փակված Հորմուզի նեղուցի։ Ցավոք, մեզ համար ստեղծվել է շատ ծանր իրավիճակ։ Եվ այս ամենը մեր նախագահի աշխատանքի արդյունքն է»։
Բլինքենի հետ չհամաձայնելն իհարկե դժվար է։ Բազմիցս «ոչնչացված» Իրանը շարունակում է «եղանակ» թելադրել թե ռեգիոնում, թե միջազգային էներգետիկ շուկայում։ Իհարկե այլ հարց է, թե արդյո՞ք սա նաեւ Թրամփի որոշակի հաշվարկ չէ՝ Եվրոպային «ծնկի բերելու» տեսանկյունից։ Իհարկե իրավիճակը Թրամփի համար խնդիրներ է ստեղծում ԱՄՆ ներսում, բայց գուցե այս համատեքստում է պետք դիտարկել նաեւ Կենտրոնական հետախուզական վարչությա ղեկավարի՝ օգոստոսի վերջին Մոսկվա կատարած անսպասելի այցը, եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի՝ հոկտեմբերին Սանկտ–Պետերբուրգ կայանալիք այցը։
Ըստ այդմ, Թրամփը գուցե դիտարկել է ներքին քաղաքական կյանքում ճգնաժամին հակազդելու մեխանիզմներ, իսկ ահա Եվրոպայի համար չափազանց ծանր է, եթե ոչ անհնարին՝ գտնել էներգետիկ ճգնաժամի «փոխհատուցման» տարբերակները։ Ի դեպ, Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ էներգետիկ շուկայի ճգնաժամի պատճառով Եվրոպան 90 միլիարդ եվրոյով ավելի է վճարել էներգակիրների համար։ Հետաքրքիր ցուցանիշ է, համարժեք այն փողին, որ ԵՄ–ն տրամադրում է Ուկրաինային՝ որպես օժանդակության փաթեթ։ Այն նույնպես 90 միլիարդ եվրո է։ Փաստացի, Եվրոպայի վրա է մնում Ուկրաինայի ծախսը՝ ԱՄՆ ըստ էության դուրս գալուց հետո, եւ գումարվում է ծախսը նաեւ էներգետիկայի հարցում։
Վերլուծաբան Հակոբ Բադալյան