Կառավարությունը կաջակցի խաղող մթերողներին. նոր արտոնություններ Լարսի խնդիրների ֆոնին
Լուսանկարը` sputnik
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ին հաստատել է խաղողի մթերման գործընթացի աջակցության նոր փաթեթ՝ մեղմացնելով վարկային պայմանները և տրամադրելով պետական երաշխիքներ՝ արտահանման լոգիստիկ բարդությունների պայմաններում։
Նոր որոշմամբ պետությունը կիսում է տնտեսավարողների ֆինանսական ռիսկերը: Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրավի անբավարար մակարդակ ունեցող ընկերություններին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք: Աջակցության սահմանաչափը չի կարող գերազանցել տվյալ ընկերության՝ նախորդ տարվա արտահանած արտադրանքի ընդհանուր արժեքը:
Որոշումը նաև հնարավորություն է տալիս վերանայել գործող վարկերի մարման գրաֆիկները: 2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի մայր գումարի մարման համար կարող է սահմանվել մինչև 6 ամիս լրացուցիչ արտոնյալ ժամկետ, իսկ վարկերի մարման վերջնաժամկետները բանկի և հաճախորդի համաձայնությամբ կարող են երկարաձգվել ևս 6 ամսով։ Այս արտոնությունից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ՝ կիրառելով այն կա՛մ 2024-ի, կա՛մ 2025-ի վարկերի նկատմամբ, ընդ որում՝ երկարաձգման դեպքում պետական երաշխիքների գործողության ժամկետը չի փոփոխվում։
«Կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերին Լարսի անցակետում և Վրաստանում հայկական կոնյակների նկատմամբ կիրառվող զննությունների պատճառով աճող լոգիստիկ ծախսերով ու շրջանառու միջոցների սղությամբ», - նշվում է կառավարության հիմնավորման մեջ: Փաստաթղթում շեշտվում է, որ վարկային մեծ բեռի և ազատ գրավի բացակայության պատճառով արտահանողները լուրջ խնդիրներ ունեն նոր ֆինանսավորում ներգրավելիս:
Ներկայումս 2024 թ. վարկերի մայր գումարի մնացորդը կազմում է մոտ 5,5 մլրդ դրամ, իսկ 2025-ինը՝ 12 մլրդ դրամ: Եթե բոլոր շահառուները դիմեն վճարումների հետաձգման համար, պետության լրացուցիչ ֆինանսական պարտավորությունը կկազմի առավելագույնը 436 մլն դրամ, որն արդեն իսկ նախատեսված է Էկոնոմիկայի նախարարության 2027 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրերում: