23.11.2024
Ովքե՞ր հրաժարվեցին մանդատներից եւ ովքե՞ր դեռ ընդդիմանում են. ձեւավորվում է նոր ԱԺ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեություն. Մասոնները Հայաստանում գործում են Սերժ Սարգսյանի թույլատրությամբ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ավագանու ընտրություններին մեծապես ապավինել է քրեական հեղինակությունների աջակցությանը: Այդպիսի մեկը՝ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արմեն Սահակյանը՝ Ծիտը, այս օրերին ամբողջությամբ լծվել է Տարոն Մարգարյանի ընտրարշավին: Անգամ Կենտրոն վարչական շրջանում շտաբ է բացել և մոբիլիզացնում է թաղի քրեական տարրերին և փողոցի պարապ զանգվածին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր վերջապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի պատգամավոր դարձած թեկնածուների անունները: Մինչ այդ, երեկ ԿԸՀ են ներկայացվել ինքնաբացարկի դիմումները: ՀՀԿ կազմակերպչական բաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանից «Փաստը» տեղեկացավ, որ ՀՀԿ–ից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 9 թեկնածու: Թե ովքեր են նրանք, Թադևոսյանը չասաց: «Փաստի» տեղեկություններով երեկ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, փոխնախարարի կարգավիճակով ՊՆ տեղափոխվող Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, դառնում է պատգամավոր: Նշենք, որ վերջինս Աջափնյակ– Դավթաշեն– Արաբկիր ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգայիններից իր ձայներով 3–րդ տեղում է: Որոշ տեղեկություններով՝ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել նաև Կոտայքից առաջադրված ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, իսկ 9–րդը կարող է լինել Սյունիքից ՀՀԿ 2–րդ ռեյտինգային Առուշան Առուշանյանը:


«Փաստ» օրաթերթի աղբյուրների հավաստմամբ` նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը կղեկավարի Արմեն Աշոտյանը: Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա, քան իր նախորդը` Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ամիսներ առաջ մի քանի «կիքս» թողեց, որի համար կուսակցության նախագահը ուղղակի հրապարակավ «բամփեց» նրան:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաև պաշտոնական հաղորդագրություն եղավ: Ու քանի որ մասոնների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Վազգեն Մանուկյանին. «Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»: Իսկ թե ինչո՞ւ մասոնները հենց իր հետ են ցանկացել հանդիպել, Մանուկյանն ասել է. «Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք»: Միաժամանակ նա նորմալ է համարել Հայաստանում մասոնական մասնաճյուղ բացելը. «Եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն»: Իսկ ահա ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե մասոնները Հայաստանում գործում են Սերժ Սարգսյանի թույլատրությամբ և գիտությամբ միայն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները եւ փորձել «քցել» պետությանը: Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, եւ այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:


Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ փաստ. «Դանինի» ՍՊԸ-ն, շրջանառվող լուրերի համաձայն, սերտ առնչություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ (Դեռ 2013թ. «Հայկական ժամանակն» էր գրել, որ ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, եւ այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաեւ 820 քմ տարածքով «Ավան» առեւտրի կենտրոնը): Ահա թե ինչի հետեւանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնաբացարկի դիմումների հրապարակումից մի քանի եզրակացություն արդեն իսկ կարելի է անել։ Նախ այն, որ տարեց Սահակյանը՝ Գալուստ Գրիգորիչը, ինչպես եւ հայտնել էր «Հրապարակ»-ը, որոշել է տեղը չզիջել որդուն, եւ դիմում է ներկայացրել ոչ թե հայրը, այլ որդին՝ Արման Սահակյանը, թեեւ ռեյտինգայինով անցել էր։ Երկրորդ․ ինքնաբացարկ չի ներկայացրել Արփինե Հովհաննիսյանը, ինչը նշանակում է, որ չնայած վարչապետը նրան ուզում էր պահել արդարադատության նախարարի պաշտոնում, բայց որոշվեց գործուղել ԱԺ, հավանաբար՝ փոխնախագահի կարգավիճակով։ Երրորդ․ ինքնաբացարկների ցանկը վերջնական չէ, հավանաբար, Գեւորգ Կոստանյանը շուտով կհրաժարվի մանդատից եւ կզբաղեցնի արդարադատության նախարարի պաշտոնը։ Չորրորդ․ ճիշտ էր նաեւ «Հրապարակ»-ի այն տեղեկությունը, որ Կարեն Բոթոյանը նշանակվում է մարզպետ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում պաշտոններից ազատվում են նաեւ Մհեր Սեդրակյանի մտերիմները։ Վերջին մոհիկանը Երեւանի թաղման բյուրոյի («Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ) պետ Վարուժան Սուքիասյանն է, ով, շրջանառվող լուրերի համաձայն, մեկնել է ԱՄՆ։ Հիշեցնենք, որ Սուքիասյանի որդին ամուսնացած է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ դստեր հետ, քավորն էլ Մհեր Սեդրակյանն է։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հնարավոր է առաջիկայում պաշտոնից ազատվի նաեւ Վարուժան Սուքիասյանը։ Հավելենք, որ թաղման բյուրոյի տնօրենի պաշտոնը լավ գործ է համարվում՝ սկսած տախտակի ներկրումից, սպասարկման ծառայություններից, վերջացրած էլիտար գերեզմանատեղերի հատկացումով։ Այնպես որ՝ սուրբ տեղը դատարկ չի մնա»: