24.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել է սիրիահայերի խնդիրները ՀԲԸՄ նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Բացահայտում՝ ընտրություններից առաջ կրիմինալ տարրերն ազատ են արձակվել բանտերից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունների «կազմակերպման» գործում լուրջ դերակատարություն ունեն քրեական տարրերը, որոնց վրա է դրված տեղամասերի շրջակայքում վերահսկողություն սահմանելու, մարդկանց քվեարկության տանելու եւ ՀՀԿ օգտին ձայներ հավաքելու գործընթացը: Եւ այդ առումով վաղուց ի վեր ձեւավորված պրակտիկա է՝ իշխանություններն ընտրություններից առաջ ազատ են արձակում դատապարտված, կալանավորված կամ ձերբակալված անձանց մի մասին՝ պայմանով, որ նրանք աշխատեն ՀՀԿ օգտին:


Նկատի ունենալով այս հանգամանքը` «Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայություն` խնդրելով հայտնել, թե 2016 եւ 2017 փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում քանի դատապարտյալ, կալանավոր է ՔԿՀ-ներից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, ներման կամ այլ միջոցների հիմքով ազատ արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտած պատկերն ուշագրավ էր. նախորդ տարի «այլ հիմքերով» ազատ է արձակվել 79-ը, այս տարի՝ 112 հոգի: Բացի այդ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մեջ վաղաժամկետ ազատ է արձակվել 19 հոգի, ներման արդյունքում՝ 3 եւ այսպես շարունակ: Ասել է, թե ՀՀԿ իշխանությունը ձեւավորվել է կրիմինալի միջոցով, եւ բնական է, որ հաշվետու է ոչ թե ժողովրդին, այլ նույն այդ քրեական էլեմենտներին: Ու պատահական չէ, որ Հայաստանն օրենքով գողերի համար դարձել է հավաքներ անցկացնելու ազատ երկրներից մեկը. չէ՞ որ քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ այս կամ այն կերպ սերտաճած են ՀՀ իշխանության հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանին «տետ ա տետ» հյուրընկալվող ծերերը նկատել են, որ այս անգամ ՀՀԿ խոսնակ, Տարոնի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը երկար է մնացել նախագահի մոտ` 30-40 րոպե։ Երբ նա դուրս է եկել «շեֆի» մոտից, ծերերը խորազնին նայել են նրա աչքերի մեջ` հասկանալու, թե ի՞նքն է «Խաչիկյանը», խոսք գնացե՞լ է իր` ԱԺ նախագահ դառնալու մասին, թե՞ ոչ: Շարմազանովը չորով ժխտել է, չնայած հաջորդ օրը նույն ծերերը տեսել են Շարմազանովի աշխատասենյակում սպասող Ահարոն Ադիբեկյանին, որը հենց այնպես չի «հայտնվում» պաշտոնյաների աշխատասենյակներում: Բոլոր դեպքերում, չնայած Շարմազանովի «ով» ազգանվանն ու մասամբ հունական պատկանելությանը, ՀՀԿ-ում հնարավոր են համարում նրա ԱԺ նախագահ դառնալը, մանավանդ որ երիտթեւում նրա օգտին լոբբինգ անողները բավականին շատ են: ՀՀԿ-ի մասով այս պահի դրությամբ հայտնի է` Արփինե Հովհաննիսյանը հաստատապես գնում է ԱԺ` պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հնարավոր հեռանկարով, իսկ եթե ԱԺ նախագահ դառնա Շարմազանովը, գուցե նաեւ ԱԺ փոխնախագահի հեռանկարով: Հրայր Թովմասյանը չի դառնում ոչ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ եւ ոչ էլ արդարադատության նախարար. առժամանակ` մինչեւ 2018թ., մնում է ԱԺ-ում: Ասում են՝ նստելու է Մհեր Շահգելդյանի սենյակում, իսկ 18-ին կգնա ՍԴ` նախագահելու: Ի դեպ, միանշանակ է նաեւ Վիգեն Սարգսյանի կարգավիճակը. նա մնում է ՊՆ-ում: Այս պահին, Արտակների ՊՆ տրանզիտից հետո, ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովները կազմուպատրաստ սպասում են իրենց նոր տերերին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ունենալու է 85-90 պատգամավոր, որոնք ենթարկվելու են անձամբ իրեն: Ընդ որում, այս պատգամավորները լինելու են ոչ միայն ՀՀԿ, այլեւ մյուս խմբակցություններում եւ անհրաժեշտ պահի գործելու են ըստ նրա հրահանգի: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` հենց այս պատճառով էլ ԱԺ անցած ուժերն ընտրություններից մեկ ամիս անց դեռեւս չեն հայտարարել, թե թեկնածուներից կոնկրետ ովքեր են ինքնաբացարկ ներկայացնելու եւ ովքեր են խորհրդարան անցնելու: Բոլոր անունները մեկիկ-մեկիկ ճշտվում են Ս. Սարգսյանի հետ: Նրա այս քայլը, թերեւս, պատահական չէ. 2018թ. ապրիլից, երբ լրանան նրա նախագահական լիազորությունները, Սարգսյանը մտադիր չէ հեռանալ, այլ, միգուցե, որպես վարչապետ կամ որպես ՀՀԿ նախագահ իր վերահսկողության տակ է պահելու ողջ իշխանությունը: Առավել եւս, երբ Հայաստանը նոր Սահմանադրությամբ անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Դիլիջանի «Գետափ» ռեստորանում տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանի ծննդյան 44-րդ տարեդարձը։ Շքեղ ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել բոլոր նախարարները, բացի ՀՀ կրթության եւ գիտության նախարար, դաշնակցական Լեւոն Մկրտչյանից։ Ծննդյան տոնի ամբողջ ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնահատուկ ուրախ է եղել։ Նրա կատակների հիմնական թեման եղել են դաշնակցականները: Մասնավորապես՝ ասել է, որ դաշնակցական նախարարներին մտածում է կանանցով փոխարինել։ Ծննդյան տոնին ներկա մեր աղբյուրի պնդմամբ՝ դաշնակցական Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը իրենց կուսակցության մասին անեկդոտներին եւ կատակներին արձագանքել են ոչ դաշնակցական նախարարներից ոչ պակաս ուրախությամբ։ Բոլոր կենացները խմելուց հետո ամենավերջում Արծվիկ Մինասյանն է հիշեցրել, որ չեն հիշել Սերժ Սարգսյանին, եւ առաջարկել է խմել նրա կենացը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է` ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը: Վերջին շրջանում բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպում (այդ թվում` միջազգային հնչեղություն ունեցող թեմաներով) Վեհարանում: Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ոչ թե ատամներով, այլ, ինչպես կատակեցին կառավարությունից, «ժանիքներով» է բռնել, եւ նման հեռանկար, գոնե մոտ ապագայում, «անհնար» է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ «Օջախ» ռեստորանային համալիրի փոքր սրահում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մեկ տարեկան թոռնիկի` Տիգրանի կնունքի արարողությունը, որը նրա կրտսեր դստեր երրորդ զավակն է` փոքրիկ Սերժից ու Ռիտայից հետո, որոնց քավորը Գագիկ Հարությունյանի որդին է: Միջոցառումը եղել է հիմնականում ընտանեկան: Քաղաքական էլիտայից շատ հրավիրյալներ չեն եղել. ներկա են եղել Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Վիգեն Սարգսյանը, Լեւոն Յոլյանը, Տարոն Մարգարյանը: Չի եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ երիտթեւն է ներկա եղել` Աշոտյան, Շարմազանով, Հովիկ Հովսեփյան, Գյումրու` Արման Սահակյան քառամիասնությամբ, որպես փոքրիկի հոր` Հայկի ընկերներ: Հետաքրքիր է, որ ներկա են եղել նաեւ Արայիկ Գրիգորյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը եւ ՍԱՍ-ի Արտակը»: