Նոր մանրամասներ ԵՄ պատվիրակության դրամաշնորհային սկանդալում. խոսքը 400 մլնի մասին է
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային գումարների հափշտակության աղմկահարույց գործով:
Оրեր առաջ հայտնի դարձավ, որ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 7 դրվագով: Պարզվում է խոսքը գնում է, ո՛չ ավել ո՛չ պակաս, 400 մլն դրամի հափշտակության մասին: Մեզ հայտնի է դարձել, որ հափշտակության վաղեմությունը ոչ թե մեկ կամ երկու տարվա է, հափշտակություններն սկսվել են 2009-2010 թվականներին:
Խուզարկություններ են կատարվել Ծրագրի համակարգողի բնակարաններում, արդյունքում պարզվել է, որ նաեւ բանկերից մեկում պահոց ունի և հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ապրիլի 27-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Գյոնջյանի, Գարիկ Չիլինգարյանի եւ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: