Անօթևան 653 ընտանիքներից միայն 100-ի բնակարանի հարցը կլուծվի 2017-ին

587

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:


Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ ՀՀ դրամի հաշվին: Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված 560 մլն ՀՀ դրամ միջոցներով լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր:

Նշենք, որ աղետի գոտու բնակարանային խնդիրները տարիներ շարունակ լուծվում են նաև բարերարների աջակցությամբ: Այսպես, ապրիլի սկզբին՝ խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրու տնակային ավաններում բնակվող 16 ընտանիքների բնակարաններ նվիրաբերեց: Ընտրվել էին այն ըտանիքներն , որտեղ երեխա էին սպասում: 


Իսկ նախօրեին լարտավմիջոցները գրեցին, որ հայազգի ՌԴ միլիարդատեր, «Տաշիր գրուպ» սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթեւիկ Կարապետյանը իր ծննդյան օրվա կապակցությամբ Գյումրիի 8 ընտանիքների, որոնք բնակվում էին վագոն-տնակներում, բնակարաններ է նվիրել: 


Հիշեցնենք նաև, որ անցած տարի գարնանը մեկնարկած SOS Գյումրի բարեգործական նախաձեռնությունը, որն ի սկզբանե 13 անօթևան ընտանիքներին բնակարան գնելու նպատակ էր հետապնդում, վերջնարդյունքում 23 անօթեւան ընտանիքի բնակարանի հարց էր լուծել:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...