28.04.2026
Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
prev Նախորդ նորություն

Բյուրեղավանում խմելու ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ

Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:

«Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:

Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: 


Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:


ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ: «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացրել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել:


 


 


 


 

Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները
Հաջորդ նորություն next