2.04.2026
Լուսանկարը` 1lurer.am
prev Նախորդ նորություն

«Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» լսումներ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որոնց թեման «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, շահագրգիռ քաղաքացիներ:


Մինչ ելույթներին անցնելը՝ լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել են Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը:


Ելույթ ունենալով՝ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ստացել են նամակ, որով տեղեկացրել են, որ հրավիրված եկեղեցականը չի կարող լսումներին մասնակցել՝ պայմանավորված Ավագ հինգշաբթի օրվա ծիսական արարողություններով:


Հայկ Մամիջանյանը նաեւ հայտնել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարության նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամսով, որպեսզի լսումների արդյունքում հանձնաժողովի քննարկմանը ներկայացվի լրամշակված տարբերակ:


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի նպատակն է արձագանքել վերջին շրջանում հանրային եւ իրավական դաշտում ձեւավորված այն իրավիճակին, որը վերաբերում է պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերությունների սահմանադրական հիմքերին եւ դրանց կիրառման գործնական խնդիրներին:


Հայտարարության նախագիծը՝ այստեղ:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է պետություն-եկեղեցի հարաբերություններում, իր դիտարկմամբ, ստեղծված ճգնաժամի մասին: Հայտարարության նախագծի համաձայն՝ վերջին շրջանում առաջացել են բազմաթիվ երեւույթներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում պետության եւ ազգային հարաբերությունների սահմանների վերաբերյալ: Տիգրան Աբրահամյանի խոսքով հայտարարության նախագիծն այս առումով առաջարկում է կոնկրետ գործնական լուծումներ: Դրանցից առաջինն իրավական թափանցիկությունն է, այսինքն՝ իրավապահ եւ քննչական մարմինները պետք է ունենան հստակ հրապարակային չափանիշներ, թե ինչպես են իրենց գործողություններում հաշվի առնելու խղճի եւ կրոնի ազատությունը: Երկրորդը միջազգային իրավական խորհրդատվության հանգամանքն է: Առաջարկվում է դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ մասնագիտական կարծիք ստանալու համար առ այն, թե կրոնական կազմակերպության ներքին կառավարման հարցերում ինչ սահմաններ ունի պետական միջամտությունը եւ ինչ չափով պետք է առաջնորդվեն դատարաններն ու այլ մարմինները նման վեճերում: Նախագծով առաջարկվող հաջորդ քայլերի շարքում են արդարադատության ապաքաղաքականացումը, Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ դերակատարումը:


Ելույթի ավարտին խմբակցության քարտուղարն արձանագրել է, որ լսումների նպատակն է բարձրաձայնել հստակ սկզբունք՝ պետությունը պարտավոր է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը:


Հարակից զեկուցող, ՀՀԿ նախագահի տեղակալ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը կարեւորել է պետության եւ եկեղեցու սահմանազատումը, որի շրջանակի մեջ են մտնում չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները, ինչպես նաեւ կրոնական համայնքների ինքնավարությունը:


Խորհրդարանական լսումների մասնակիցներն իրենց ելույթներում արդիական ու հրատապ են համարել քննարկվող թեման: Անդրադարձ է կատարվել ազգային անվտանգության ռազմավարությանը, պետություն- եկեղեցի փոխհարաբերություններին, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ մտքի, խղճի եւ դավանանքի ազատությանը:


Եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ մասնակիցներից շատերը հայտարարության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել: