Հայաստանի Հանրապետություն տեղի են ունեցել նոր ներխուժումներ և ՀՀ իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, հաղորդում է News.am-ը։
«Ես հիմա փաստերով կներկայացնեմ դրանք և թե ինչ անվտանգային մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք օբյեկտիվ փաստեր են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով»,–ասաց Թաթոյանը՝ քարտոեզի վրա ներկայացնելով այդ հատվածները։
Նրա խոսքով, դրանցից առաջինը Վարդենիսում տեղի ունեցածն է. «Սա նոր դիրքի տեղակայում է ՀՀ տարածքից ներս և ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մինչև 2025–ի հուլիսի 31–ը այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Դա տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19–ը։ Սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, որտեղ խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են։ Խոսքը վերաբերում է նռնականետերին, ականանետերին, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներին, նաև հրաձգային կետեր են նախատեսված՝ առանձին նախատեսված կոմունիկացիաներով։
Այդ դիրքից Սոթքի հանքավայր 4 կմ է, մենք տեսնում ենք, որ ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Այդ դիրքից նշանառության տակ է նաև Վարդենիսի Կութ գյուղը։ Աիդ դիրքից 2 կմ հեռավորության վրա հայկական արոտավայրերը, վարելահողերը, խոտհարքներն են։ Բացի այդ, այդ դիրքից մինչև մեր ճանապարհը 200 մետր է։
Այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել, թիրախի տակ պահել քաղաքացիական վնակավայրերը, այլ նաև ճնշող, վտանգող նշանակություն ունի մեր զինվորականների համար, նրանք ուղիղ թիրախի տակ են պահում մեր զինվորականներին։
Նրանք այնքան են ամրապնդվել, որ այնտեղ ունեն արևային պանելներ, ամրացման աշխատանքներ և այլն»,–ասաց Թաթոյանը։
Հայաստանի սահմանից ընդամենը մետրեր այն կողմ Ադրբեջանը կառուցել է նաև հատուկ թաքստոցներ։ «Մինչև օգոստոսի 19–ը նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ։ Դրանք կոչվում են կապանյարներ, այսինքն հատուկ թաքստոցներ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների, տանկերի համար»,–ասաց նա։
Քարտեզի վրա ցույց տալով այդ հատվածները, Թաթոյանն ասաց. «Սա նրանց ճանապարհն է, և ճանապարհի անմիջական հարևանությամբ այս թաքստոցներն են։ Ենթադրվում է, որ այս հատվածը մեքենաների համար կարող է օգտագործվել։ Ակնհայտ է, որ այս նախապատրաստությունները, որ արել են, կարող են նաև ակնհայտորեն օգտագործել հարձակողական նպատակներով։ Սրանք ուղիղ վերահսկողության տակ են պահում մեր գյուղերը»։
Անդրադառնալով Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցածին, Թաթոյանն ասաց. «Այս առաջխաղացումները, ամրաշինական, ինժեներական աշխատանքները ոչ միայն Վարդենիսում և Գեղարքունիքի մարզում են, այլև Վայոց-Ձորում, մասնավորապես Ջերմուկի տարածքում։ Այստեղ մենք ունենք, կցուցադրենք ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր, մարտական հերթապահություն կրող կոնկրետ դիրքեր, բարելավել են այն հատվածները, որտեղից իրենք կարող են ականանետեր, նռնականետեր, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներ օգտագործել։
Սա արդեն Ջերմուկն է նորից արբանյակային լուսանկարներով, և մենք տեսնում ենք, որ էլի նորից մինչև օգոստոս սրանք տեղի ունեցած նոր բարելավումներն են և վերահսկողության ընդլայնումն է ու ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ։
Սրանք արված են հատուկ նպատակով Ջերմուկի անմիջական հարևանությամբ։ Սրանք կառուցվել են մինչւ օգոստոսի 4–ը, շատ արագ, հապշտապ սկզբունքով։
Բացի այդ, ևս երկու դիրք Ջերմուկի հարևանությամբ, որոնք ընդամենը սահմանից մետրեր այն կողմ են, բայց միևնույն է, այս դիրքերը ունեն մեզ համար անվտանգության լրջագույն սպառնալիքներ ու ռիսկեր։ Տրամաբանորեն ակնհայտ է դառնում, որ սա կոնկրետ նպատակներ է հետապնդում նախապատրաստվելու համար, օրինակ, հնարավոր գործողությունների, եթե ինչ-որ իրավիճակ թույլ տա։
Սա էլ մյուս դիրքն է, որը ընդամենը մեր սահմանից մի քանի մետր հեռու է, որը նորից հստակ կրակային դիրքերի համար նախատեսված, հատուկ կացարաններով, ճանապարհներով կահավորված, ամրացված է»։