Առաջարկվում է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ
Սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ հրահանգի մոտարկման դեպքում սպառողի հետ կնքվող պայմանագրում չեն կարող ներառվել անարդար պայմաններ: Սահմանվում են անարդար բնույթի պայմանների տեսակները:
Մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդի մասին հրահանգի մոտարկման արդյունքում սահմանվում են մոլորության մեջ գցող եւ համեմատություններ պարունակող գովազդներին առնչվող հասկացությունները:
Հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանության մասին հրահանգի մոտարկման արդյունքում կներդրվի հեռակա եւ ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրի ինստիտուտը: Կարգավորումների արդյունքում տնտեսավարողները կպահպանեն տվյալ տեսակի պայմանագրին ներկայացվող պահանջները: Կարգավորումները չեն տարածվելու սոցիալական, առողջապահական, ֆինանսական, հանրային ծառայությունների մատուցման եւ մի շարք այլ պայմանագրերի դեպքում:
Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն: Հնարավորություն կլինի ապրանքների, ներառյալ՝ թվային բովանդակության ապրանքների ձեռքբերման ժամանակ ֆիքսված ժամկետում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում դիմելու արտադրողին, վաճառողին, կատարողին՝ ապրանքի թերությունները վերացնելու նպատակով: Այս կարգավորումները տարածվելու են ցանկացած պայմանագրի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, էլեկտրոնային տեսքով տվյալների հետ փոխանակվելու կամ այլ փոխգործակցության հնարավորությանը:
ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Առաջարկվող կարգավորումները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, իսկ օրենսդրական փաթեթի վերաբերյալ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Սերգեյ Բագրատյանը:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթում Գառնիկ Դանիելյանը խոսել է ոլորտային խնդիրներից, մասնավորապես բարձրացրել է Վրաստանի սահմանին արտահանող եւ ներմուծող տնտեսավարողների համար առաջացող խնդիրները: Պատգամավորը կարեւորել է ժամանակավոր կարգավորումների փոխարեն ինստիտուցիոնալ լուծումները: Հաջորդ հարցը վերաբերել է 2025 թվականին գնված եւ դեռեւս տարբեր պատճառներով չներմուծված էլեկտրամոբիլների ներմուծման հարցին եւ բարձրացված մաքսատուրքերի մասով հնարավոր լուծումներին: