Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը։ Այս մասին news.am–ին հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։
Fly One Armenia-ի ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին։ Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել էր, որ իրականացնելու է հատուկ չվերթ։
Միևնույն ժամանակ ուղևորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն կոչ էր արել Օմանից կամավոր վերադառնալ ցանկացող քաղաքացիներին լրացնել համապատասխան դիմում։ Նախարարությունը նաև հայտնել էր, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը կօգնի քաղաքացիներին ԱՄԷ-ից Օման տեղափոխելու հարցում։ Առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին։
Օմանում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազաներն ու ենթակառուցվածքները Իրանի հարվածների թիրախ են դարձել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո։