Արևմուտքը պատրաստ չէ ստանձնել Երևանի և Բաքվի միջև կարգավորման պատասխանատվությունը
Արևմուտքը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Այս մասին փետրվարի 26-ին Երևանում Գորչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական երկխոսություն-Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոստովանությամբ՝ մինչև 2022 թվականը Ռուսաստանի և Արևմուտքի դիրքորոշումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում սկզբունքորեն հակասական բնույթ չէին կրում։ «Արևմուտքը չէր ցանկանում, և առաջ անցնելով ասեմ, որ հիմա էլ չի ցանկանում իրապես խառնվել ձեր խնդիրներին և պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի վերակառուցման և այդ վերակառուցման հետևանքների համար։ Նրա համար սա ընդամենը ավելի մեծ կապերի մի մասն է՝ Իրան, Թուրքիա և Մերձավոր Արևելք։ Սրանք տարածաշրջանի ընկալման տարբեր դիտանկյուններ են», - հավաստիացրել է Մարկեդոնովը, փոխանցում է News.am-ը։
Հենց այդ պատճառով էլ, նրա կարծիքով, արևմտյան երկրները, փաստացիորեն, թույլ էին տալիս Մոսկվային առաջատար դեր խաղալ բանակցային գործընթացում՝ համարելով, որ այս ուղղությունը լուրջ քաղաքական դիվիդենտներ չի բերելու։ Միևնույն ժամանակ, ձախողումների դեպքում պատասխանատվությունը կարող էր բարդվել Ռուսաստանի վրա։ «Իրավիճակը փոխվել է 2022 թվականին։ Եթե մինչ այդ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կառուցվել են առանձին տարածաշրջաններում ընտրողական մրցակցության և համագործակցության մոդելով, ապա 2022 թվականից հետո Մոսկվան սկսել է ընկալվել որպես համակարգային հակառակորդ։ Ուկրաինական պատմությունը մոբիլիզացրել և շատ առումներով համախմբել է Արևմուտքին։ Լիակատար միասնության մասին խոսելը, թերևս, վաղաժամ է, բայց համախմբվածության աստիճանը զգալիորեն բարձր է, քան նախկինում։ Եվ Կովկասում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում, Արևմուտքը մեզ համար դարձել է թե՛ մրցակից, թե՛ հակառակորդ», - նշել է ռուս քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ խնդիրներից մեկը տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցումն է։ Այս համատեքստում փորձագետը շտապել է հիշատակել Հայաստանի ղեկավարության 2022 թվականի որոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչելը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ այս քայլին Հայաստանին ակտիվորեն դրդել են արևմտյան երկրները և գործընկերները, մասնավորապես՝ Ֆրանսիան։
Որպես հավելյալ գործոն՝ Սերգեյ Մարկեդոնովը նշել է ուկրաինական ուղղությամբ տիրող բարդ իրավիճակը։ «Այս ֆոնին Երևանում ուժեղացել են արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գաղափարները», - ընդգծել է քաղաքագետը։