Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովում, որ հրավիրել էր խորհրդի նախաձեռնող Թրամպը, քննարկվել են Գազայի վերաբերյալ հարցեր, մասնավորապես վերականգնման ֆինանսակկան եւ տնտեսական աջակցության, նաեւ կայունության վերահսկման միջազգային կոնտինգենտի ձեւավորման:
Թրամպը մասնավորապես հայտարարել է, որ Ադրբեջանը, Էմիրությունները, Կատարը, Մարոկկոն, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը, Քուվեյթը եւ Ուզբեկստանը միասին պատրաստվում են հատկացնել 7 միլիարդ դոլար: Տասը միլիարդ էլ դնելու է ԱՄՆ: Այդ փողը ուղղվելու է Գազայի վերականգնմանը: Թրամպը հայտնել է նաեւ, որ Կատարը նաեւ կտա առանձին 1 միլիարդ դոլար:
Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում իր սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար տրամադրելու պատրաստակամություն դեռեւս Խորհրդի նախաձեռնության մեկնարկին հայտնել էր Ռուսաստանը, առանց միանալու որոշման:
Վաշինգտոնում քննարկվել է նաեւ կայունության խաղաղապահ կոնտինգենտի հարց: Այստեղ իրենց զինուժի ներգրավման պատրաստակամություն են հայտնել Ինդոնեզիան, Ղազախստանը, Ալբանիան, Կոսովոն եւ Մարոկկոն: Իսկ Եգիպտոսն ու Հորդանանը հայտնել են ոստիկանության ուսուցանման պատրաստակամություն:
Կայունության միջազգային ուժերին զինուժ տրամադրելու պատրաստակամություն հայտնել է նաեւ Թուրքիան, սակայն մեծ հավանականությամբ Գազայում թուրքական ռազմական ներկայությունը անընդունելի կլինի Իսրայելի համար:
Այս ամենով հանդերձ, հետաքրքիր է, ի՞նչ էր անում ու ի՞նչ է անում Խաղաղության խորհրդում Հայաստանը, բացի իհարկե այն, որ ապահովում է Թրամպի համար «խաղաղության վիճակագրություն» եւ համապատասխան պահին Ալիեւի հետ ձեռքսեղմում իրականացնելու գործառույթ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան