Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ քրեական գործ հարուցելուց հետո Հայաստանի աշխարհիկ իշխանության և հոգևոր առաջնորդության միջև հակամարտությունը հասել է լարվածության աննախադեպ մակարդակի՝ դուրս գալով ներքին քննարկումների սահմաններից և դառնալով եվրոպական մամուլի քննարկման առարկա:
Ինչպես հաղորդում է EADaily պորտալը՝ հղում անելով իտալական հեղինակավոր Il Giornale d’Italia պարբերականի հրապարակմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վեհափառին արգելվել է լքել հանրապետության տարածքը: Հոդվածի հեղինակ Սիմոնե Լանցայի կարծիքով՝ իրավական ձևական ընթացակարգերի հետևում թաքնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր գլխավոր գաղափարական ընդդիմախոսին չեզոքացնելու լայնածավալ քաղաքական գործողությունը:
Հետապնդման համար իրավական ձևական հիմք է դարձել ներեկեղեցական հակամարտությունը, որի մասին փետրվարի 14-ին պաշտոնապես հայտնել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը: Քննչական մարմինները մեղադրում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանին դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեջ:
Գործի էությունը վերաբերում է Արման եպիսկոպոս Սարոյանին, ով Գարեգին Բ-ի կողմից ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից՝ հնազանդության ուխտը խախտելու համար: Սարոյանը, ում իտալական պարբերականը դասում է կառավարությանը հավատարիմ հոգևորականների շարքին, վիճարկել է իր ազատումը աշխարհիկ դատարանում և հասել պաշտոնում վերականգնվելու մասին որոշման կայացմանը: Եկեղեցական ղեկավարության կողմից այդ որոշման անտեսումը իրավապահներին առիթ է տվել գործ հարուցելու, բարձրաստիճան հոգևորականներին հարցաքննելու և նրանց տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու համար:
Սակայն իտալացի վերլուծաբանը համոզված է, որ վարչական գործը ընդամենը քողարկում է աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Il Giornale-ի հոդվածում պնդվում է, որ երկրից ելքի արգելքը սահմանվել է հատկապես Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին, որտեղ պետք է քննարկվեր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ճգնաժամային վիճակը և պետության կողմից գործադրվող ճնշումները:
Պարբերականը Կաթողիկոսի դեմ հարձակումը կապում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցում նրա կոշտ դիրքորոշման և գործող կառավարության վարած զիջողական քաղաքականության քննադատության հետ: Հոդվածագիրն ընդգծում է, որ Գարեգին Բ-ն դարձել է Բաքվի և Անկարայի առջև «կապիտուլյացիայի» հետ չհամաձայնող ուժերի համախմբման խորհրդանիշ, ինչը նրա կերպարը խիստ անհարմար է դարձնում իշխանությունների համար՝ նոր դիվանագիտական որոշումների նախաշեմին:
Օտարերկրյա պարբերականի կողմից հարցված փորձագետները, այդ թվում՝ նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, կատարվողը որակում են որպես «պատմական խայտառակություն» և կանոնական իրավունքին պետության միջամտության վտանգավոր նախադեպ: Նրանց կարծիքով՝ հոգևոր առաջնորդի քրեականացումը ոչ միայն խորացնում է հայ հասարակության պառակտումը, այլև հստակ ազդակ է հղում ցանկացած ընդդիմության առ այն, որ իշխանությունը պահպանելու համար կառավարությունը պատրաստ է դիմել ամենածայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև սփյուռքի համախմբման և միջազգային ասպարեզում երկրի վարկանիշի ձևավորման գործում առանցքային դեր խաղացող ավանդական ինստիտուտների քայքայումը: