Հայաստանը կպարզեցնի հարկային հաշվառումը և կխթանի արևային էներգետիկան
Լուսանկարը` sputnik
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթին, որը նպատակաուղղված է գործարարների համար վարչարարության պարզեցմանը և ԱԱՀ-ի ու շահութահարկի հաշվարկման բյուրոկրատական խոչընդոտների վերացմանը:
Հինգշաբթի օրը կայացած նիստի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ փոփոխությունները հետապնդում են երկու հիմնական նպատակ՝ բիզնես միջավայրի բարելավում և հարկային մարմինների հետ հնարավոր վեճերի կանխում:
Առանցքային նորամուծություններից մեկը վերաբերում է ապրանքների վերադարձի գործընթացին. եթե ներկայումս գործարքների ճշգրտումը հեշտացված է միայն պիտանելիության ժամկետ ունեցող սննդամթերքի համար, ապա նոր կարգավորումները հնարավորություն կտան ճշգրտումներ կատարել բոլոր տեսակի ապրանքների վերադարձի դեպքում:
Բացի այդ, բարեփոխվում է ՀԴՄ կտրոններով կատարված գործարքների հաշվառման տրամաբանությունը: Այսուհետ ապրանքի վերադարձի դեպքում տնտեսվարողը ստիպված չի լինի վերադառնալ նախկին հաշվետու ժամանակաշրջան և փոփոխություններ կատարել. վերադարձը կդիտարկվի որպես առանձին գործարք և կարտացոլվի ընթացիկ ամսվա հաշվետվություններում:
Փոփոխությունների մյուս կարևոր ուղղությունը վերաբերում է արևային էներգետիկայի ոլորտին, մասնավորապես՝ մինչև 150 կիլովատ հզորությամբ ինքնավար արտադրողներին: Նոր նախագծով նրանց հնարավորություն է տրվում շահութահարկի հաշվարկներում նվազեցնել կատարված ծախսերը, ինչը ներկայումս թույլատրված չէ:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրների տարածման և ներդրումների ներգրավման համար: