20.01.2026
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հրաժարական է տալիս։


«21 տարի գործունեություն եմ ծավալում դահուկային սպորտում: 2005 թ. ընտրվել եմ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում: 2021 թ. դարձել եմ ֆեդերացիայի նախագահ: Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Շատ դժվար և բարդ որոշում է ինձ համար: Երկար եմ մտածել և ջանացել եմ չհանգել այս որոշմանը, բայց, բնականաբար, ինչ ունի սկիզբ, նաև ունի ավարտ»,-նշեց նա:


Խոսելով պատճառներից՝ ասաց, որ դրանք մի քանիսն են․ «Հիմնական պատճառը Հայաստանում դահուկային սպորտի մարզաձևերը զարգացնելու աշխատանքային մթնոլորտն է, որը չի կարող միակողմանի լինել: Միայն ֆեդերացիայով կամ միայն ֆեդերացիայի նախագահ լինելով այդ մարզաձևերը զարգացնել հնարավոր չէ: Տարիներ շարունակ բոլոր մեր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի պետական լիազոր մարմնին, այս դեպքում՝ ԿԳՄՍՆ-ին, այդպես էլ լուծում չունեցան»։


Նա նշեց, որ, չնայած ջանքերին, ոչ լիարժեք է կարողանում իրականացնել գործունեությունը, քանի որ պարբերաբար հանդիպում է խոչընդոտների։


«Այս պարագայում ուղղակի որոշում ես կայացնում հրաժարական տալ: Գիտակցում ես, որ գուցե քո անձն է մարդկանց համար խանգարող, որպեսզի կարողանան այդ մարզաձևերը զարգացնել:


Որոշել եմ ուղղակի իմ անձից ազատել այդ մարդկանց»,-նշեց նա։


Հիշեցնենք, որ օրերս դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն էր ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար, ինչը ողջունել էր ֆեդերացիայի նախագահը։


Այնուհետև ԿԳՄՍ փոխնախարարը Ֆեդերացիայից պարզաբանում էր պահանջել Միքայել Միքայելյանի՝ «Ադրբեջան» անունը փակելու վերաբերյալ։

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին
Հաջորդ նորություն next