VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակների գործողությունները իշխանության ներսում լուրջ կասկածների տեղիք են տվել, որ իրենց առաջնորդը մտադիր է կրոնական նոր կազմակերպություն ստեղծել։ Որոշ շրջանակներ այս հեռանկարը սարսափով են քննարկում՝ համոզված, որ Վեհափառի դեմ անհաջող քայլերի հանգուցալուծումը լինելու է կրոնական նոր կազմակերպության ձեւավորումը։ Այս մտահոգություններն առաջացել են հատկապես այն բանից հետո, երբ եկեղեցու եւ Վեհափառի դեմ տեւական պայքարից հետո, տարեսկզբին՝ Սուրբ ծննդի նախօրեին, Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին, այսպես կոչված, իրենց «ճանապարհային քարտեզը»։
10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։ Ճանապարհային քարտեզի դրույթներից մեկն է՝ ընդունել նոր կանոնադրություն․ «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։ Մենք գրել ենք, որ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը գրում է անձամբ Փաշինյանը, եւ որ այն պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։
Այն կգրանցվի իբրեւ կրոնական հերթական կազմակերպություն, եւ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը կդառնա, ժողովրդական լեզվով ասած` նոր աղանդի հիմնադիր։ Հայաստանում ներկայում վեց տասնյակից ավելի կրոնական կազմակերպություններ են գործում, Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ կլինի դրանցից մեկը։ Իշխանականներն էլ են գրեթե վստահ, որ իրականությունից բավականին հեռու է Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ ինչպես Սերժ Սարգսյանը չուզելով հեռացավ, այնպես էլ Վեհափառն է հեռանալու։ Նրանք վստահ են, որ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռանալու, իսկ հեռացնելու այլ մեխանիզմ չկա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի։ Միջոցառումների շարքի խորագիրն է՝ «Մենք կանք»։ Եվ չնայած այն բացարձակապես մշակութային է, սակայն տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ծառս են եղել՝ իմանալով, որ Արցախի մասին միջոցառում է կազմակերպվել։ Մեզ պատմեցին, որ ԱԱԾ աշխատակիցների միջոցով սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ, նախ փորձել են հետ պահել միջոցառում անելու մտքից, երբ մերժում են ստացել, զգուշացրել են, որ հանկարծ այն չվերածվի քաղաքական ակցիայի եւ մեծ հնչեղություն չառաջացնի՝ շարժելով Ալիեւի զայրույթը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց Մասյացոտնի թեմական առաջնորդի պաշտոնից, ու նրա փոխարեն տեղապահ նշանակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Որոշմանն անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով ոչ օրինական, ու որպես աջակցություն Սարոյանին՝ նույն կիրակի իր «շրջիկ հավատացյալների» խմբով Մասիսի եկեղեցում մասնակցեց պատարագի։ Մենք տեղեկացանք, որ իրավապահները շարունակում են սրբորեն կատարել Փաշինյանի կամքը եւ գիշերուզօր հսկում են առաջնորդարանը: Փաշինյանի սրտի տիրադավ Գեւորգ Սարոյանն է այստեղ տերուտնօրենը, սակայն մեզ ասացին, որ նա, ըստ էության, միայնակ է մնացել մի փոքր դավաճանական խմբի հետ, եւ ոչ միայն հոգեւոր, այլեւ ընդհանուր իրավիճակին տիրապետում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը, որի ընտրությունը, ասում են՝ պատահական չի եղել, այլ թեկնածություններ էլ են քննարկվել, բայց հաշվի առնելով վերջինիս նկատմամբ՝ մարզում տարբեր շրջանակների հարգալից ընկալումները, շփումները, ընտրվել է վարդապետ Զարգարյանը, որն այս օրերին, ասում են, ակտիվ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքներում ինչպես հոգեւորականների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի հետ, անգամ որոշ կարկառուն ՔՊ-ականների կողմից է նա ընդունելի, եւ հայտնի պատարագից հետո ոմանք շտապել են նրա մոտ՝ արդարանալով, թե պարտադրված են եղել ներկա գտնվել։ Նշենք, որ երկու օր առաջ թեմի պաշտոնական նոր կայքը բացվեց, նախորդը դեռ սպասարկում է տիրադավին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ իշխանություններն ամեն գնով փորձում են իրենցով անել ԵՊՀ-ն, իսկ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հլու-հնազանդ ծառայում է իշխանավորներին, կատարում է նրանց բոլոր հրահանգները, ընդդիմադիր հայացքներով դասախոսներին հեռացնում է համալսարանից՝ նրանց փոխարինելով բացառապես իշխանամետ դասախոսներով։
Ինչ խոսք, 2018-ից առաջ էլ մայր բուհը քաղաքականացված էր, իսկ նախկին լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանը երդվյալ հանրապետական էր, սակայն Երեւանի պետական համալսարանն իր մեկդարյա պատմության ընթացքում երբեք այսքան քաղաքականացված չի եղել, որքան հիմա է։ Օրեր առաջ մենք գրել էինք, որ Գլխավոր դատախազության շենքում մայր բուհի իրավագիտության ֆակուլտետը լաբորատորիա է հիմնադրել։ Այժմ էլ տեղեկացանք, որ ԵՊՀ-ում պաշտոնապես բացվել է Տվյալների մշակման կենտրոն։ Այս կապակցությամբ համալսարանում ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԵՊՀ-ից մեզ ասացին, որ կառավարությունն է ահռելի գումարներ հատկացրել, որպեսզի բուհը գերժամանակակից տվյալների մշակման կենտրոն հիմնադրի։ Մեզ պատմեցին, որ տվյալների մշակման կենտրոնի բացմանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ներկա եղել, այլեւ՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պաշտպանության նախարար, ԵՊՀ ՀԽ նախագահ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հարսանիքների, քեֆ-ուրախություն, խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանն իր թիմով շաբաթ օրը հերթական խնջույքին է մասնակցելու։ Մեր տեղեկություններով այս անգամ ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի։ Բանն այն է, որ Արփի Դավոյանի դստեր ծնունդը ՔՊ-ականները չէին նշել և հիմա լրացնում են այդ բացը։ Հատկանշական է, որ Դավոյանի դուստրը 2 ամսական է արդեն և աչքալուսանքի համար միայն հիմա են քեֆ անում։ Հավանաբար հին հայկական ադաթով քառասունքից հետո են որոշել նշել: ՔՊ-ականները այս անգամ հավաքվում են Հատիս գյուղի Սարին ռեստորանում։ ՔՊ-ի մեր աղբյուրը պատմեց, որ այդ օրը սպասում են, որ Փաշինյանը իր տաղանդը ցույց կտա և ամբողջ թիմով կուկնդրեն Փաշինյանի կատարումը՝ հարվածային գործիքների վրա։ Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Փաշինյանը երաժշտություն է ձայնագրել։