15.01.2026
Սյունիքում ու Վայոց ձորում ձյուն է, Գորիսում ու Վայքում՝ մառախուղ
prev Նախորդ նորություն

«Այս օրն ինձ համար անգին է». Գևորգ Սուջյանի ուղերձը գերությունից վերադառնալուց հետո

Լուսանկարը՝ aysor.am
Լուսանկարը՝ aysor.am

Ադրբեջանի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը ժամեր առաջ գրառում է արել։


«Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը ինձ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով, որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։


«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այսօրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։


Այսօր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից, լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։ Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։


Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ, որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ, ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի՛կ, իմացե՛ք, խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրը իմ օրն է»։


Մեկ այլ գրառմամբ էլ նա դիմել է Բաքվում մնացած հայ գերիներին։


«Ես ձեզ չեմ լքել, տղանե՛ր, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»։


Հետո Գևորգն ավելացրել է․


«Սիրելի՛ բարեկամներ, բոլորիցդ շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար շուտով կլինի անկեղծ զրույց մեր բաժանումից մինչ հանդիպում իրադարձությունների մասին։ Սիրում եմ բոլորիդ»։


 

Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը
15.01.2026
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին լքել երկիրը