13.01.2026
Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել
prev Նախորդ նորություն

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը։


«Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2։21)։ Այսպես Աստվածորդին անուն ստացավ՝ Հիսուս։ Հենց այսօր՝ ամեն տարի հունվարի 13-ին՝ Քրիստոսի ծնունդից ութ օր անց նշում ենք Տիրոջ Անվանակոչության տոնը։


Նրա անունը ավետվել և նախանշվել էր դեռևս հրեշտակի կողմից։ Հիշենք Աստվածածնի Ավետման դրվագը։ Գաբրիել հրեշտակապետը, Սուրբ Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, պատվիրեց Մանկան անունը Հիսուս դնել: Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31):


Հիսուս անվան տարբերակներից է Հեսուն, որը շատ տարածված է եղել, և նշանակում է «փրկիչ»: Ուստի պատահական չէր Աստծո Որդու անվանադրումը. ինչպես Հեսուի առաջնորդությամբ Իսրայելի ժողովուրդը մտավ Ավետյաց Երկիր, այնպես էլ Հիսուսի փրկագործական առաքելության շնորհիվ տիրահաստատ ուղիով ընթացող նրա հետևորդներն են փրկվելու մեղքի գերությունից և մտնելու Երկնային Երուսաղեմ: «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «Օծյալ» և համապատասխանում է եբրայերենի «Մեսիա»-ին:


Մենք ամենքս էլ ծնվելով ստանում ենք անուններ։ Անունով է մարդը որոշակիանում, դառնում տարբերվող։ Սակայն դա մարդկանց, և ոչ Աստծու համար, քանզի Նա մեզ ճանաչում է մինչև անուններ ստանալը, ոչ այնպես, ինչպես մենք ենք ներկայանում, այլ այնպիսին, ինչպիսին կանք։ Այնպես որ Փրկչի անվանակոչության այս տոնը ևս մեկ առիթ է, որ խորհենք՝ ինչպե՞ս ենք ներկայանում մարդկանց և Աստծո առաջ, և ո՞վ ենք իրականում։


Փրկչի անվանակոչության տոնին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն:


 

Վթար՝ Երևանի Հերացի փողոցում․ 6 վիրավորներից 3-ը երեխաներ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան