Արդյո՞ք Եվրոպական Միության աջակցությունը հիբրիդային հարձակումների դեմ պայքարում կարող է դառնալ ներքաղաքական ճնշումների և ընտրական գործընթացներին միջամտելու քողարկված գործիք։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը VERELQ-ի հետ զրույցում վերլուծում է «մոլդովական սցենարի» հավանականությունը Հայաստանում, ընդդիմությանը «ռուսական գործակալ» պիտակավորելու վտանգները և իշխանության որդեգրած «երկակի» արտաքին քաղաքականության հետևանքները։ Ինչո՞ւ է Արևմուտքը թիրախավորում Ռուսաստանին, երբ իրական հիբրիդային սպառնալիքը գալիս է Բաքվից։
VERELQ. Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ հիբրիդային հարձակումների համատեքստում Հայաստանը աջակցություն է խնդրել Եվրոպական Միությունից, և ԵՄ-ն տրամադրելու է այդ աջակցությունը։ Ասացե՛ք, խնդրեմ, սա ինչի՞ կարող է վերածվել։ Հնարավո՞ր է, որ ներքաղաքական խոսույթը տարալուծվի արտաքին քաղաքական հարձակումների հետ և դառնա ճնշումների գործիք կամ պատճառ։
Սուրեն Սուրենյանց. Թող անհամեստ չհնչի, բայց երևի թե Հայաստանում առաջինն եմ եղել, որ դեռևս Մոլդովայի ընտրությունների գիշերը, անդրադառնալով այդ իրադարձություններին, խոսել եմ Հայաստանում նմանատիպ մոդելի կիրառման մեծ հավանականության մասին։ Ցավոք, հետագա ընթացքը ցույց տվեց, որ ենթադրություններումս չեմ սխալվել։ Եվրամիության կողմից Հայաստանին այս ձևով և նման մեկնաբանություններով աջակցությունը՝ մասնավորապես նկատի ունեմ Կայա Կալասի հայտնի հայտարարությունը, միջամտություն է Հայաստանի ընտրական գործընթացներին։ Այստեղ տեղի է ունենում մի երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի, հստակ և արհեստական դեմոնիզացիա (դիվայնացում)։
Այդ կերպ փորձ է արվում միջամտել Հայաստանի ընտրական գործընթացին այն նույն մեթոդներով, որոնք կիրառվել են Ռումինիայում և Մոլդովայում։ Դա հանգեցրել է «էլեկտորալ ավտորիտարիզմի» և որևէ կապ չունի ժողովրդավարության հետ։ Այդ երկու երկրներում էլ մենք տեսանք այսպես կոչված «ֆիլտրումներ»՝ անցանկալի թեկնածուների դուրսմղում ընտրական գործընթացից, ինչպես նաև էլեկտորալ միջամտության այլ ձևեր, օրինակ՝ որոշակի շրջաններում կամ արտերկրում բացված տեղամասերում ընտրական գործընթացների վրա ներազդումը։ Հատկապես Մոլդովայի պարագայում մենք տեսանք արհեստականորեն գեներացվող հակառուսական խոսույթ։ Հայաստանի պարագայում սա վտանգավոր է նաև նրանով, որ կարող է մեր երկիրը դարձնել «պրոքսի պատերազմի» գործիք։
VERELQ. Ինչպե՞ս։
Սուրեն Սուրենյանց. Շատ պարզ. եթե ընտրական տրամաբանությունը կառուցվում է հակառուսականության վրա, դու ակնհայտորեն դառնում ես պրոքսի պատերազմի գործիք։ Ես չեմ ասում, թե Ռուսաստանի հետ կապված խնդիրներ չկան, բայց պնդում եմ, որ Ռուսաստանն արհեստականորեն դեմոնիզացվում է շատ կոնկրետ նպատակներով։
VERELQ. Եթե չեմ սխալվում, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նույնպես միտք արտահայտեց, որ նման գործելակերպով Հայաստանը վերածվում է Ռուսաստան-Արևմուտք պրոքսի պատերազմի դաշտի։ Դուք համաձայն ե՞ք այդ տեսակետին։
Սուրեն Սուրենյանց. Այո՛, ես ուղղակիորեն դա նկատի ունեի։ Ամենայն հարգանքով Եվրամիության հանդեպ, որն իսկապես տարիներ շարունակ նպաստել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այս կոնկրետ ձեռնարկը Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական կոշտ հակադրության միջավայր։ Սա բացարձակապես անընդունելի է, մանավանդ որ իշխանությունը, ընդհանուր ձևակերպումներից զատ, չի կարողանում հստակեցնել, թե կոնկրետ ինչ սպառնալիքներ են գալիս Ռուսաստանից, որոնց դեմ պայքարելու համար պետք է ստեղծվեն հատուկ գործիքներ կամ իրականացվեն «ֆիլտրումներ»։ Առավել քան վստահ եմ, որ ցանկացած ազնիվ ընդդիմադիր խմբավորման փակցվելու է «ռուսական գործակալի» պիտակ, և նրանց դեմ ցանկացած գործողություն արդարացվելու է ռուսական ազդեցության դեմ պայքարի քողի տակ։
VERELQ. Տեսե՛ք, իսկ հնարավո՞ր է Մոլդովայի օրինակն ուղղակիորեն պրոյեկտել Հայաստանի վրա։
Սուրեն Սուրենյանց. Ո՛չ, ցանկացած դեպք ունիկալ է, և ուղղակի պրոյեկցիան հնարավոր չէ։ Նախ՝ մենք Եվրամիության հետ ընդհանուր սահման չունենք, մինչդեռ Մոլդովան սահմանակից է ԵՄ անդամ Ռումինիային։ Երկրորդ՝ Մոլդովան շատ ավելի առաջ է գնացել եվրաինտեգրման ճանապարհին, նա արդեն անդամության թեկնածու է, և այնտեղ ԵՄ ազդեցությունը ներքաղաքական կյանքում օբյեկտիվորեն շատ ավելի մեծ է։ Երրորդ՝ Մոլդովան գտնվում է Ուկրաինայի անմիջական հարևանությամբ, որտեղ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, ինչը չի կարող չազդել նրա ներքաղաքական կյանքի վրա։ Չորրորդ՝ առկա են Մերձդնեստրի և Գագաուզիայի խնդիրները, որոնք Մոլդովան խոցելի են դարձնում և ռուսական միջամտության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում։
Վերջապես, կա մի շատ կարևոր հանգամանք. եթե Մոլդովայում ընդդիմադիր որոշակի կուսակցությունների հետ կապ ուներ Ռուսաստանում գտնվող գործարար Իլան Շորը, ով այդպես էլ չհամարձակվեց գալ Մոլդովա և մոդերատորություն էր անում դրսից, ապա Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է։ Նրանք, ում իշխանություններն այս պահին թիրախավորում են, ոչ միայն Հայաստանում են, այլև գտնվում են ապօրինի անազատության մեջ՝ բանտում։
VERELQ. Խոսքը Սամվել Կարապետյանի՞ մասին է։
Սուրեն Սուրենյանց. Այո՛, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Այսինքն՝ կան մի շարք առանձնահատկություններ, թեև Եվրամիության ընդհանուր տրամաբանությունը նույնն է, և Հայաստանի իշխանության մոտիվներն ու ձգտումները շատ նման են Մլոդովայի նախագահ Մայա Սանդուի իշխանության մոտիվներին։ Սակայն այդ մոդելի կիրառումը Հայաստանում շատ ավելի բարդ է լինելու։ Ավելին ասեմ՝ եթե Հայաստանում հնարավոր լինի ապահովել ընտրողների կեսից ավելիի մասնակցությունը, ապա ոչ մի «մոլդովական մոդել» չի աշխատի։ Այդ մոդելն էֆեկտիվ է միայն այն դեպքում, երբ նախադրյալներ են ստեղծվում վարչական և այլ ռեսուրսների չարաշահման համար։ Բարձր մասնակցության պարագայում վարչական ռեսուրսի տեսակարար կշիռը էլեկտորալ կառուցվածքում զգալիորեն փոքրանում է։
VERELQ. Եվ վերջին հարցը. երբ եղավ հայտարարությունը և Բրյուսելում ասուլիսը, հետաքրքիր էր, որ Կայա Կալասի խոսքերը շատ հասցեական էին Ռուսաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմի հայտարարությունները բավականին անհասցե էին։ Ասվում էր, որ պետք է պայքարել հիբրիդային հարձակումների դեմ, բայց որևէ հստակ սուբյեկտ չէր նշվում՝ տրվում էին դիվանագիտական ձևակերպումներ։ Ինչո՞ւ։
Սուրեն Սուրենյանց. Նախ անդրադառնամ եվրոպական մանիպուլյացիային։ Գլխավորն այն է, որ Հայաստանն այսօր գռեհիկ միջամտության է ենթարկվում ընդամենը մեկ մայրաքաղաքից, որի անունը Բաքու է։ Եթե որևէ արտաքին ուժ իսկապես ցանկանար մեզ օգնել ներքաղաքական միջամտություններից պաշտպանվելու հարցում, պետք է ուժեղացներ մեզ Բաքվի դեմ, քանի որ Բաքվի ցանկացած քայլ, նույնիսկ սահմանային երկու կրակոցը, կարող է այստեղ ներքաղաքական «ցունամի» առաջացնել։ Հիբրիդային պատերազմի ամենաուժեղ զենքը Հայաստանի դեմ այս պահին ունի Բաքուն։
Բայց Եվրոպան Բաքվի դեմ պայքարելու խնդիր չունի. նա ամեն ինչ դիտարկում է գլոբալ հակադրության կոնտեքստում և բնականաբար առաջինը ցուցադրաբար տալիս է Ռուսաստանի անունը։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանը, ապա նրանք որդեգրել են արտաքին քաղաքականության «երկակիության» սկզբունքը։ Նրանք փորձում են միևնույն քաղաքական ապրանքը տարբեր փաթեթավորումներով վաճառել տարբեր կենտրոնների։ Դա շատ լավ երևում է, օրինակ, «Խաղաղության խաչմերուկի» կամ TRIPP-ի պարագայում. Արևմուտքում ներկայացնում են, որ դա մի ծրագիր է, որը թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը, իսկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այդ նախագիծը նոր հաղորդակցային հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի համար։
Այս երկու հայտարարությունները հակասական են, բայց իշխանությունը, սեփական ներքաղաքական օրակարգը սպասարկելու համար, որդեգրել է մի վարքագիծ, որպեսզի ընտրական ցիկլում իրեն ապահովագրի բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից եկող հնարավոր ռիսկերից։ Դրա համար էլ, եթե Բրյուսելում ուղիղ մատնանշում են Ռուսաստանին, ապա այստեղ միայն ակնարկում են այդ մասին։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանի մակարդակով գուցե Ռուսաստանի անունը տալիս են, բայց Փաշինյանի մակարդակով մենք մի փոքր այլ պատկերի հետ գործ ունենք։