26.12.2025
Իրանի նախագահը հանդիպել է իրանա-իրաքյան պատերազմnւմ զnհված հայերի ընտանիքների հետ
prev Նախորդ նորություն

ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն:


Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու և գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:


Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:


Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2026 թվականի հունվարի 1-ից կսկսվի նորածնային ակնայի
Հաջորդ նորություն next