Հակառակորդը արկակոծել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը
Այսօր կեսօրից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօր ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում են վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:
Հակառակորդի ականանետային հարվածներից ՊԲ-ն կորուստներ չունի:
Նշվում է նաև, որ ապրիլի 5-ին և 6-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հյուսիսային և կենտրոնական ուղղության մի շարք զորամասերում անց է կացրել արտագնա ծառայողական խորհրդակցություններ:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես ներզորամասային, այնպես էլ համաբանակային նշանակության հարցեր, համապատասխան պաշտոնատար անձինք բանակի հրամանատարի կողմից ստացել են ցուցումներ և հանձնարարականներ: