«Beacon Council»-ի հետ քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները
Նոյեմբերի 11-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Beacon Council»-ի գործադիր փոխնախագահ, դոկտոր Փաուլա Հոփքինսի, փոխնախագահ Խուլիո Պիտիի, բիզնեսի զարգագման գծով տնօրեն Մարիքսել Գարսիայի, ինչպես նաև «The Beacon Council»-ի խորհրդի անդամ և «Diaz Reus» միջազգային իրավաբանական ընկերության գլոբալ կառավարման գործընկեր Մայքլ Դիաս կրտսերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
«The Beacon Council» մասնավոր-հանրային գործընկերությունը Մայամի-Դեյդ շրջանի պաշտոնական տնտեսական զարգացման կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է տեղական իշխանությունների և բիզնես համայնքի հետ՝ նպաստելով ներդրումների ներգրավմանը և տնտեսական աճին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները։ «The Beacon Council»-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել հայկական ընկերություններին՝ Ֆլորիդայի և ավելի լայն՝ ամերիկյան շուկա մուտք գործելու հարցում։