7.10.2025
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը հայտնել է Civilnet-ին՝ չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի թեկնածու։


Բաբայանը նշել է, որ համատեղ կաջակցեն «Հայրենիք» կուսակցության առաջադրած թեկնածուին` բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին, Էջմիածնի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Ըստ նրա՝ այս ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն՝ հասկանալու 2026-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության ձևաչափը։


«Քաղաքական դաշտում միակ երիտասարդ անձը, որին այսօր ես տեսնում եմ, Վանեցյան Արթուրն է, և պատրաստ եմ իրեն օգնել, որ կայանա որպես քաղաքական գործիչ», – ասել է Բաբայանը։


Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն չի խանգարում Վանեցյանի՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության պատմությունը, Բաբայանը հայտարարել է. «Ես չեմ համարում, որ Վանեցյանը Սերժ Սարգսյանի ամենամոտ կամ հեռու մարդն է»։ Նա հավելել է, որ քննադատում է բոլոր նախկին ղեկավարների, այդ թվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սխալները, սակայն դա չի կարող խոչընդոտ լինել քաղաքական նոր դաշինքների համար։


Բաբայանը հաստատել է, որ ինքը չի հավակնում վարչապետի թեկնածուի դերին՝ նշելով, որ «կարող է դիրքավորվել երկրորդ, երրորդ, չորրորդ պլանում՝ հանուն ազգային միասնության»։ Հարցին, թե արդյոք Վանեցյանը կարող է լինել իրենց վարչապետի թեկնածու, նա պատասխանել է. «Կարող է և Արթուր Վանեցյանը լինի»։

 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր