2025 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» ոսկե հուշադրամը:
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957 թթ.)՝ հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, ուսումը շարունակել Հառիճի վանքի դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1893-1895 թթ. ուսանել է Գերմանիայում Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում:
1897 թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` «Երգեր ու վերքեր» խորագրով:
1909 թ. գրել է հռչակավոր «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որի գլխավոր հերոսը ինքը` բանաստեղծն է՝ համամարդկային ցավի ու տառապանքի, անհատի ողբերգության կրողը:
Գրական գործունեությանը զուգահեռ Իսահակյանը զբաղվել է նաև ազգային-քաղաքական գործունեությամբ, որի համար բազմիցս հետապնդվել է: Շուրջ 20 տարի հարկադրաբար ապրել և ստեղծագործել է հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում:
1936 թ. Իսահակյանը վերադարձել է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցել են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ. նրան տրվել է «Վարպետ» պատվանունը:
1946-1957 թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Ավետիք Իսահակյանը բազմաժանր գրող է․ գրել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, առակներ, Հայկական հարցին վերաբերող հրապարակախոսական հոդվածներ, հուշեր ու նամակներ:
Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, դրանց հիման վրա գրվել են երգեր, սիմֆոնիաներ, այլ երաժշտական գործեր:
Հայաստանում մի շարք փողոցներ, դպրոցներ, գրադարաններ անվանակոչվել են Իսահակյանի անունով։ Երևան և Գյումրի քաղաքներում գործում են Իսահակյանի տուն-թանգարանները, նրա հիշատակը հավերժացնում են այնտեղ գտնվող հուշարձանները: Ի պատիվ բանաստեղծի՝ Հայաստանի գրողների միությունը սահմանել է «Ավետիք Իսահակյան» գրական մրցանակը:
Դիմերես՝ Արագած լեռը, Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող:
Դարձերես՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2025