ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
Լուսանկարը` Sputnik
ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024-ի հունվարից 2025-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր:
Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյանին ու վաշտի հրամանատարին:
Արդյունքում՝ 2024-ի հունվարից 2025-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմված կեղծ ուղեգրերի հիման վրա ստացված ընդհանուր 1720 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցվել են ՊՆ պաշտոնյային, ով 590 լիտրը հատկացրել է անձնական ավտոմեքենաներով գործուղումների մեկնող բժիշկներին, իսկ հափշտակված 1130 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները տնօրինել է անձամբ՝ պետությանը պատճառելով 514,550 դրամի վնաս:
Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և պաշտոնեական կեղծիք կատարած վաշտի հրամանատարին ու վարորդներից մեկին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: