«Չորրորդ հանրապետության» գաղափարը Նիկոլ Փաշինյանի համար միայն նախընտրական հնարք չէ, այլ ավելի խորքային ռազմավարություն։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը VERELQ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ վարչապետի այս քայլը միտված է հայկական պետականության ինքնությունը փոխելուն և հասարակության մտածողությունը վերաձևելուն, ինչը նաև անձնական անվտանգության խնդիր է լուծում։ Բադալյանի խոսքով՝ Փաշինյանը ձգտում է հասնել նրան, որ հանրությունը մտածի, թե ինքը ձեռք բերող, այլ ոչ թե կորցնող վարչապետ է։ Ընդդիմության մասին խոսելիս վերլուծաբանը նշել է, որ այն դեռևս բովանդակային աշխատանքի տեսանկյունից զգալիորեն հետ է մնում իշխանություններից։

Լուսանկարում` Հակոբ Բադալյանը
Հարց: Իխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համագումարում այդ քաղաքական ուժի առաջնորդ, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես առաջիկա ռազմավարական հայտարարեց չորրորդ հանրապետության հաստատումը: Ինչի՞ մասին էր համաժողովի ժամանակ արված հայտարարությունը։ Ըստ ձեզ, դա զուտ նախընտրական հնարք է` ընտրություններին ՔՊ օրակարգը փաթեթավորելու համար, թե՞ իսկապես միտված է երկրի, պետության քաղաքական ինքնության փոփոխությանը։
Պատասխան: Դա կարճաժամկետ իմաստով նախընտրական հնարք է, այսինքն՝ այդ խոսույթը հիմա պետք է Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես նախընտրական ստրատեգիան կառուցելու համատեքստում, և թե նաև ավելի երկարաժամկետ քաղաքական պլանավորում է։
Այստեղ մենք գործ ունենք ակնհայտորեն ոչ միայն այն քաղաքական պայմանների հետ, որ Հայաստանին, հայկական պետականության տրամաբանությանը և բովանդակությանն առաջադրում են Ադրբեջանը և Թուրքիան, բացահայտ, անուղղակի, բայց բավական թափանցիկ ակնարկներով, տողատակերով և այլն, և թե նաև ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական խնդրի տեսանկյունից։
Այսինքն՝ Փաշինյանը քաղաքական դիրքերի ամրության շատ թե քիչ հեռանկարային պաշար կարող է ունենալ, եթե փոխի հայկական պետականության ինքնությունը և դրա վերաբերյալ հանրային մտածողությունը, հանրային գիտակցությունը։ Որովհետև եթե այդ փոփոխությունը չի կատարում, ինքը մշտապես լինելու է հանրային մեծամասնության հանդիպակաց գոտում։ Այսինքն՝ այդ տեսանկյունից նաև գործ ունենք այդ երկարաժամկետ քաղաքական պլանավորման հետ, բացի նախընտրական տրամաբանությունից։
Հարց: Նա այդ կերպ նաև անձնական և թիմի անվտանգության խնդի՞րն է լուծում։
Պատասխան: Բնական է, որ քաղաքական դիրքերը զգալիորեն պայմանավորում են անվտանգությունը։ Այսինքն՝ անձնական, խմբային։ Եվ քաղաքական դիրքերի ամրության համար նրա աշխատանքն, անշուշտ, մոտիվացված է նաև առաջին հերթին հենց անվտանգության առումով, հաշվի առնելով, թե ինչ պատասխանատվության ներքո է, ինչ ծանրագույն իրադարձությունների համար քաղաքական պատասխանատվության ներքո է Նիկոլ Փաշինյանը։
Հարց: Եթե կոտրվում է կամ փոփոխվում է հանրության մոտեցումը, մտածողությունը այդ ամենի նկատմամբ, մեծ հաշվով ստացվում է այնպես, որ հանրությունը մտածում է և գնահատում է այդ ամենը այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, ապա առաջիկայում, եթե անգամ իշխանափոխություն էլ երկրում լինի, մեծ հաշվով իր համար ավելի անվտանգ տարածք կստեղծվի։
Պատասխան: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի անկախությունը կամ ինքնիշխան Հայաստանը։ Հիմա, եթե մարդիկ մտածեն իր կերպ, ապա բնական է՝ իրեն ուղղված հարցերը ըստ էության կվերանան, և հակառակը՝ իրեն կշարունակեն ծափահարել, ասելով, որ նա ձեռք է բերել Հայաստանը, և ոչ թե կորցրել է Արցախը։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հավաքական իմաստով աշխատում է հենց սրա ուղղությամբ՝ հասարակությանը կամ հասարակության մեծամասնությանը բերել իր մտքին, որ ինքը ձեռք բերող վարչապետն է, և ոչ թե կորցնող վարչապետը։
Հարց: Իսկ դա կստացվի՞ իր մոտ՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունները, «Քաղաքացիական պայմանագրի» ու իր ցածր վարկանիշը, բայց նաև ընդդիմության բավական թույլ վիճակը։ Ի՞նչ եք կարծում։
Պատասխան: Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ սա պայմանավորված է ոչ միայն Փաշինյանի աշխատանքով, այլ նաև այն աշխատանքով, որ կանի կամ անում է կամ անելու է ընդդիմությունը և ընդհանրապես հասարակության մեջ առաջատար հասարակական-քաղաքական խմբերը։ Այսինքն՝ այստեղ միայն Փաշինյանի աշխատանքը բավարար չէ։
Ակնհայտ է, որ նա շատ հետևողականորեն, շատ համառ աշխատում է այս խնդրի ուղղությամբ, այդ մի հարցում նա բավական բծախնդիր, պատասխանատու, հետևողական է, բայց նաև կախված է նրանից, թե հասարակական-քաղաքական այլ խմբերի կողմից ինչպիսի աշխատանք կկատարվի։ Որովհետև հասարակությունը կարող է չլինել Փաշինյանի ակտիվ աջակից, բայց դառնալ նրա բերած մտածողության այդ ուղենիշների, օրակարգի պասիվ աջակից։ Սա ևս աջակցության ինչ-որ ձև է։
Մենք հիմա զգալիորեն ունենք այդպիսի պասիվ աջակցություն, և Փաշինյանը նաև զգալիորեն ապավինում է թեկուզ այդ պասիվ աջակցությանը։ Եվ այստեղ է, որ ամեն ինչ կախված է կամ, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան նաև նրանից, թե նրա ընդդիմախոսներն ինչպես կաշխատեն հասարակության հետ։
Հարց: Հաշվի առնելով այդ բոլոր գործոնները` ի՞նչ նախադրյալներ կան։ Ավելի շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը կհաջողի՞, թե՞ ավելի շատ հավանական է, որ չհաջողի։
Պատասխան: Ես համենայն դեպս կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց բարդ խնդիր է փոխել հայկական պետականության և հայ հասարակության ինքնությունը և մտածողության ավանդական, ձևավորված արժեհամակարգային, հայեցակարգային, աշխարհայացքային մոտեցումները։
Այստեղ կասկած չկա, որ պետք է լինի որոշակի արդիականացում, այսինքն՝ այստեղ, իհարկե, փոփոխությունների շատ տեղ կա, բայց խոսքը ֆունդամենտալ մոտեցումների, այսինքն՝ ինքնության մասին չէ, որ պետք է փոխել։ Նիկոլ Փաշինյանը գնում է ինքնության փոփոխության՝ պայմանավորված այն մոտիվներով, որոնք արդեն նշեցի։ Բայց այդ խնդիրը, ես կարծում եմ, այնուամենայնիվ, չափազանց բարդ խնդիր է, թեև կրկնեմ՝ լուծելի է, եթե դրա դիմաց ուրիշ աշխատանք չկա։
Հասարակությունը, եթե մի քիչ կոպիտ բնորոշեմ, խմոր է, այսինքն՝ այդ խմորը անընդհատ հունցման պրոցեսում կարող է լինել։ Հիմա խնդիրն այն է, թե այդ խմորի հետ ովքեր ինչպես են աշխատում։ Նիկոլ Փաշինյանը շատ հետևողականորեն և շատ բծախնդիր, շատ ջանասեր աշխատում է իր քաղաքական պլանների և հաշվարկների շրջանակում։ Եթե ուրիշ աշխատողներ չլինեն կամ նույնքան բծախնդիր, ջանասեր, հմուտ աշխատողներ չլինեն, եթե հասարակությանը այդ իմաստով միայն էմոցիոնալ դոզայի վրա պահելու աշխատանք կատարվի, բայց բովանդակային առումով Փաշինյանի բերած բովանդակությանը հակադրվելու որևէ հետևողական աշխատանք չկատարվի, բնական է, նա դժվարությամբ, բայց հաջողության շանսեր կունենա։
Հարց: Իսկ այդ առումով ընդդիմությունը բովանդակային աշխատանքի տեսանկյունից ի՞նչ վիճակում է գտնվում ըստ Ձեզ։ Որովհետև եղավ մի պահ, երբ Փաշինյանն արձակուրդում էր, և քաղաքական դաշտը կարծես ամայացած լիներ։ Այսինքն՝ կարծես պահն էր, որ մյուսները պետք է ակտիվանային և լցնեին քաղաքական դաշտն իրենց բովանդակությամբ, գաղափարներով, մոտեցումներով։ Կարծես, նրանք էլ էին հանգիստ շունչ քաշել և իրենք էլ էին արձակուրդում։
Պատասխան: Ես կարծում եմ, որ գոնե մինչև հիմա այդ աշխատանքը համարժեք չի եղել Փաշինյանի տարած աշխատանքին, և հիմնականում ապավինում են Փաշինյանի, այսպես ասած, բացասական վարկանիշին, այսինքն՝ դրա իջեցմանը։ Բայց հասարակության հետ աշխատանքի առումով, ես կարծում եմ, նրա ընդդիմախոսները զգալիորեն հետ են մնում Փաշինյանից։