24.09.2025
Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի
prev Նախորդ նորություն

Հանրությունը ցանկացած կառավարությունից խաղաղություն պետք է պահանջի նաև ներքին կյանքի համար

Քրեական բեսպրեդել, թե քաղաքական մոտիվներով սպանություն: Սա բնականաբար պետք է պարզի քննությունը: Իհարկե հասկանում ենք, որ քաղաքական մոտիվով սպանության պարագայում քննությունը ոչինչ էլ չի պարզի, կամ կպարզի բոլորովին այլ բան:


Աղմկոտ սպանության պարագայում, որպիսին անկասկած նաեւ համայնքապետ Գրիգորյանի սպանությունն է, գրեթե անխուսափելիորեն մշտապես մնալու են հանրային կասկածներ: Եվ այս հանգամանքից ելնելով է նաեւ, որ ցանկացած իշխանություն պետք է անի առավելագույնը՝ այդպիսի սպանություններ թույլ չտալու համար, հատկկապես այն դեպքում, երբ երկրում բավականին սուր է հասարակական-քաղաքական միջավայրում առկա հարաբերությունների բնույթն ու բարձր է բեվեռացվածության, լարվածության աստիճանը:


Այդպիսի պարագաներում քննության հանդեպ անվստահություն լինելու է միշտ, անխուսափելի, անկախ, թե որքան արդյունավետ կլինի այդ քննությունը:


Այս ամենում մի բան սակայն կասկածից վեր է, որ Հայաստանում ըստ էության չի աշխատում իրավակարգ, կամ այն աշխատում է միայն մի դեպքում՝ եթե կա որեւէ ռիսկ գոյություն ունեցող «քաղաքական կարգի», այսինքն կառավարող ուժի քաղաքական դիրքերի համար:


Բայց ամբողջ հարցն այն է նաեւ, որ իրավական համակարգը դնելով այդ քաղաքական դիրքերի դարպասի «պահակ», ըստ էության իրավակարգի արդյունավետ ու համապարփակ պաշտպանության հաշվին, որեւէ իշխանություն կարող է վտանգը ակամա բաց թողնել «հետնամուտքից»: Այլ կերպ ասած, ինքնին այն, որ երկրում կարող է ծավալվել «բեսպրեդել»՝ գուցե դանդաղ, բայց իքս պահից հարվածելու է նույն իշխանության քաղաքական դիրքերին:


Ի վերջո, հանրությունը պետք է հասկանա, կամ ամբողջությամբ գիտակցի, որ, երբ խոսվում է խաղաղության մասին, այդ խաղաղությունը չի կարող վերաբերել միայն երկրի արտաքին սահմաններին:


Նախ իհարկե ինքնին հարց է, թե որքանով է այդ սահմանների խաղաղության վերաբերյալ իշխանական խոսույթը համոզիչ: Ես այս առնչությամբ իմ տեսակետը ներկայացրել եմ բազմիցս:


Բայց, հանրությունը պետք է ցանկացած կառավարությունից խաղաղություն պահանջի նաեւ ներքին կյանքի համար: Իսկ ներքին կյանքի խաղաղությունն առաջին հերթին իրավակարգն է, դրա պաշտպանության եւ կառավարելիության աստիճանը:


Ցավոք, այստեղ եւս, ինչպես արտաքին խաղաղության հարցում, գերազանցապես քարոզչություն է, ոչ թե իրական լուծումներ, հեռանկարներ, մեխանիզմներ եւ այլն: Քարոզչություն է իբրեւ թե ոստիկանության կամ ներքին գործերի համակարգի ռեֆորմացիայի մասին: Իրականում այստեղ ծախսվում են փողեր, սակայն չկա արդյունք: Միայն արտաքին փաթեթավորում, եւ վերջ:


Ավելին, այստեղ կարող ենք արձանագրել անգամ ակնհայտ հետընթաց՝ հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակի առումով, առնվազն: Նաեւ ակնհայտ հետընթաց կա խնդիրների վերաբերյալ բարձրաձայնումների հանդեպ քաղաքական վերաբերմունքի առումով: Եթե բարձրաձայնողները «յուրային» քաղհասարակությունից են, ապա աշխատում է արձագանքի այլ մեխանիզմ, որը դարձյալ՝ միտված է քարոզչության, այլ ոչ թե որակական վերափոխման: Եթե խնդիրներ բարձրաձայնողները յուրային քաղհասարակություն չեն, ապա այդ դեպքում գործի է դրվում ցինզիմն ու երեսպաշտությունը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան