23.07.2025
Նուբարաշենի հոգեբուժարանից 2 բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել է
prev Նախորդ նորություն

«Քաղաքական հետապնդում է»․ Ծառուկյանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր հարցաքննվեց Հակակոռուպցիոն դատարանում՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանելու գործով։


Դատական նիստի ընթացքում Ծառուկյանը կտրականապես հերքեց իրեն ներկայացվող մեղադրանքները՝ ընդգծելով, որ անգամ այն մարդկանց, ովքեր օգնություն են խնդրել, ինքը չի աջակցել՝ մտավախություն ունենալով, որ հետագայում դա կարող է օգտագործվել իր դեմ։


«ՀՀ ողջ տարածքում՝ մարզերում, գյուղերում, շուրջ 2700 վկա է հարցաքննվել 110 քննիչի կողմից, բայց որևէ մեկը չի ասել, թե ես եմ փող տվել։ Նման բան չի եղել և լինել չի կարող», – նշեց նա։ Ծառուկյանի խոսքով՝ այդ ցուցմունքները անտեսվել են, և մեղադրանքի հիմքում դրվել է ընդամենը հինգ մարդու խոսք։


«Մի Վազգեն Պողոսյան, մի քույր ու եղբայր, մի մարդ ու կին։ Սա հիմք չէ մեղադրանք ներկայացնելու համար», – հավելեց նա։


Նա նաև նշեց, որ Վազգեն Պողոսյանը իր մտերիմներից է, ում ինքը հանձնարարել էր Մարտունիում նախընտրական քարոզչություն կազմակերպել՝ վերջինիս հեղինակության շնորհիվ։ Ծառուկյանը հայտարարեց, որ չի պատասխանի մեղադրողի հարցերին, քանի որ դրանք կապ չունեն գործի բովանդակության հետ։


«Տեսնելով մեղադրողի վերաբերմունքը՝ ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված է։ Ես պատրաստվում եմ թարգմանել գործի ամբողջ նյութը անգլերեն և դիմել Եվրոպական դատարան, որպեսզի պաշտպանեմ արդարությունը։ Այս ամենից տուժել եմ. գործարար գործընկերներիս հետ չենք կարողացել լիարժեք աշխատել, բանկային հաշիվներս փակվել են, բայց մինչ օրս լռել եմ», – ասաց Ծառուկյանը։


Ըստ պաշտպանական կողմի՝ գործի հիմքում «Երևանշին» ընկերությունում հայտնաբերված որոշ փաստաթղթեր են, որոնք քննչական մարմինները կապել են ընտրակաշառքի հետ։ Սակայն պաշտպանները պնդում են, որ փաստաթղթերը վերաբերում են միայն ընտրական ծախսերին և որևէ ապացույց չեն պարունակում ընտրողներին կաշառք տալու վերաբերյալ։


«Ես տարիներ շարունակ միայն օգնելու ձգտում եմ ունեցել։ Որքան մեծացել է հնարավորությունը, այնքան ավելի շատ եմ օգնել։ Բայց հիմա տեսնում եմ՝ ինչ մոտեցում ունի մեղադրող կողմը։ Չեմ հավատում, որ ինձ կարդարացնեք։ Ուղղակի գնալու եմ մինչև վերջ, մինչև Եվրադատարան», – ասաց Ծառուկյանը։



 

 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին