Քննարկվել է Հայաստան-Համաշխարհային բանկ արդյունավետ գործընկերության ամրապնդման հարցը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին և անձամբ Կարոլին Գեգինատին, վերջին չորս տարիների ընթացքում իրականացված կարևորագույն ծրագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերված աջակցության համար։
«Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը՝ համագործակցության շարունակական զարգացման և առաջխաղացման գործում»,- նշել է նախագահը։
Իր հերթին Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում արել է առավելագույնը՝ նպաստելու Հայաստան-Համաշխարհային բանկ արդյունավետ գործընկերության ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, համագործակցության հիմնական ուղղությունները և ապագա հնարավորությունները։ Կողմերը կարևորել են այս ծրագրերի շարունակականությունը՝ հատկապես համայնքների զարգացման, ենթակառուցվածքների արդիականացման և սոցիալ-տնտեսական ներուժի ամրապնդման տեսանկյունից։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նաև Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մարդասիրական, սոցիալական, կրթական և առողջապահական նախաձեռնությունները, որոնք զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների կենսապայմանների բարելավման վրա։
Կողմերը ընդգծել են, որ նման համագործակցությունը շարունակում է լինել կարևոր ներդրում Հայաստանի կայուն և ներառական զարգացման և պետական ինստիտուտների կայացման գործընթացում: