26.06.2025
Հրայր սարկավագ Հակոբյանը կալանավորվել է
prev Նախորդ նորություն

Գալստանյանի գործը. Փաշինյանը խոստանում է պարգևատրել իրավապահներին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հունիսի 26-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական պարգևների են ներկայացվելու այն իրավապահները, որոնք մասնակցել են «Սրբազան պայքարի» շարժման շուրջ հարուցված քրեական գործի բացահայտմանը։ Նա նշեց, որ այս հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։


Փաշինյանի խոսքով՝ հանրային հարթակներում քննարկվում են երկու հարց՝ կանխվե՞լ է արդյոք Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27», և հնարավո՞ր էր արդյոք 1998-ին կանխել 1999-ի արյունալի դեպքերը։ Վարչապետն ընդգծեց, որ հատկապես երկրորդ հարցին պետք է անդրադառնա Հայաստանի իրավապահ համակարգը։


Նույն օրը հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Բագրատ սրբազանը կալանավորվել է երկու ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու և զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։


Գալստանյանը ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ իր տանը մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո։ Դրանից առաջ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Սրբազան պայքարի» շարժման ղեկավարները և մասնակիցները նախատեսել էին ահաբեկչական գործողությունների իրականացում՝ իշխանության բռնի զավթման նպատակով։


Գործի շրջանակում Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել 16 անձի կալանավորման միջնորդություն։ Նրանցից 9-ի մասով դատարանը արդեն բավարարել է միջնորդությունները, մեկի հարցը քննվել է, իսկ որոշումը կլսվի հունիսի 26-ին, մնացածների վերաբերյալ լսումները կշարունակվեն նույն օրը։

Լուսանկարը` araratnews.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ