Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին օրերի զարգացումները՝ ընդդիմադիր գործիչների տներում իրականացվող խուզարկություններն ու ձերբակալությունները, բարերար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանավորումը, ինչպես նաև իշխանությանը մոտ լրատվամիջոցներով տարածված «հեղաշրջման պլանի» մասին տեղեկությունները, մեծ թվով հարցեր են առաջացնում ներկա իշխանությունների ռազմավարության և ներքին քաղաքականության ուղղության վերաբերյալ։
Ի՞նչ է իրականում տեղի ունենում խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ։ Արդյո՞ք այս գործողությունները նախընտրական բնույթ ունեն, թե՞ վկայում են սպասվող արտաքին քաղաքական որոշումների՝ մասնավորապես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին։ Եվ ի՞նչ վիճակում է գտնվում ընդդիմությունն այս պայմաններում։
Այս և այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ՝ փորձելով համակարգված կերպով ներկայացնել վերջին զարգացումների համատեքստը, ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը՝ առկա գործընթացների վրա։

Լուսանկարում Հակոբ Բադալյանն է
VERELQ – Պարոն Բադալյան, ինչպես կբացատրեք այսօրվա՝ հունիսի 25-ի առավոտյան սկսված խուզարկություններն ընդդիմադիր գործիչների տներում և դրան հաջորդած ձերբակալությունները։
Հակոբ Բադալյան – Իրավիճակը կարելի է դիտարկել երկու հիմնական տրամաբանության մեջ։ Առաջինը՝ նախընտրական, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ ուժային վերահսկողություն քաղաքական դաշտում՝ ընտրություններից մեկ տարի առաջ, նաև իր էլեկտորատին ուղերձ հղելով, որ ինքը վերահսկում է իրավիճակը։ Երկրորդ՝ հնարավոր է, որ մենք գործ ունենք քաղաքական որոշումների նախապատրաստման տրամաբանության հետ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական գործընթացի, ճանապարհների օրակարգի կամ խաղաղության պայմանագրի հետ կապված։ Այս ամենը կարող է պահանջել իշխանությունների կողմից կոշտ վերահսկողություն՝ ընդդիմադիր ու քաղաքացիական դերակատարների ակտիվության կանխման նպատակով։
Այս համատեքստում հատկանշական է նաև ժամանակագրությունը. Փաշինյանի Թուրքիա կատարած այցից հետո մենք տեսնում ենք ակտիվ ուժային գործողությունների ալիք։ Սա հուշում է, որ հնարավոր է, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա որոշումներ կայացվեն, որոնք կարող են հասարակության մեջ դժգոհություն առաջացնել, և իշխանությունը նախապես փորձում է չեզոքացնել այդ ռիսկերը։
VERELQ – Երբ ասում եք՝ «քաղաքական որոշումներ», ի՞նչ նկատի ունեք։ Խոսքն առա՞ջիկա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման, նոր զիջումների կամ այլ հարցերի մասին է։
Հակոբ Բադալյան – Այո, խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերում է խաղաղության պայմանագրին, որի ստորագրումը իշխանությունը կփորձի ներկայացնել որպես խաղաղության օրակարգի հաղթանակ։ Սակայն ակնհայտ է, որ պայմանագրի դիմաց Ադրբեջանը, իսկ հնարավոր է նաև Թուրքիան, առաջ կքաշեն պահանջներ։ Օրինակ՝ Թուրքիայի համար առանցքային հարց է ճանապարհների թեման, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»։ Չի բացառվում, որ դրան էլ վերաբերող պարտավորություններ ստանձնելու պահանջ դրվի Հայաստանի առաջ՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
Հետևաբար՝ մենք գործ ունենք հնարավոր գնաճող քաղաքական արժեքի դիմաց փոխզիջումների դաշտ մտնելու տրամաբանության հետ։ Այս ամենի համատեքստում իշխանությունը ձգտում է նվազեցնել ընդդիմադիր ճնշման ռիսկերը և վերահսկողություն հաստատել դաշտի վրա։
VERELQ – Մինչ այս գործողությունները՝ նախօրեին իշխանությանը մոտ լրատվամիջոցներով հրապարակվեց այսպես կոչված հեղաշրջման պլանը և այն ուղեկցող «կոլաժ», որտեղ նշվում էին նախկին պաշտոնյաներ, Ամենայն հայոց կաթողիկոսը, միլիարդատեր Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Իսկ դրանից օրեր առաջ ձերբակալվեց հենց Սամվել Կարապետյանը։ Այս ամենը տեսնու՞մ եք մեկ ընդհանուր գծի մեջ։
Հակոբ Բադալյան – Այո, բոլոր այս իրադարձությունները տեղավորվում են նույն ընդհանուր տրամաբանության մեջ։ Դրանք չեն դիտարկվում որպես առանձին գործողություններ, այլ՝ որպես մեկ ամբողջական, համակարգված փաթեթ՝ ներքաղաքական և արտաքին մարտավարությունների համադրությամբ։ Իշխանությունը, հավանաբար, փորձում է ձևավորել իր համար նպաստավոր դաշտ, կոնտրաստ ստեղծել, որպեսզի իր կողմից ներկայացվող օրակարգը ընկալվի որպես միակ կայուն և վերահսկելի ուժ։ Այսպիսի պայմաններում ավելի հեշտ է կառավարել էլեկտորատը՝ ներկայացնելով, որ այլընտրանք չկա կամ այլընտրանքը քաոս է։
Ի դեպ, պայքարը ընթանում է ոչ միայն ներքաղաքական, այլ նաև վերին մակարդակի՝ արտաքին դերակատարների և ռեսուրսների մոբիլիզացման հարթակում։ Այստեղ է նաև տեղավորվում եկեղեցու դեմ գործողությունները, որոնք ևս իշխանության այդ մեծ պլանի մաս են։
VERELQ – Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը այս պայմաններում։ Ինչ վիճակում է այն ընտրություններից մեկ տարի առաջ։ Ինչու՞ չի երևում համարժեք արձագանք կամ գործողությունների հստակ ռազմավարություն։
Հակոբ Բադալյան – Ընդդիմությունը, ցավոք, այսօր գտնվում է այն նույն վիճակում, ինչ 2018-ից հետո։ Այդ ուժերը՝ կապված նախկին համակարգի հետ, երբեք չցանկացան կամ չկարողացան իրական ֆունդամենտալ աշխատանք իրականացնել հասարակության հետ։ Նրանք միշտ ապավինեցին իշխանության վարկանիշի անկմանը՝ մտածելով, որ դա ավտոմատ իրենց կբերի իշխանության։ Սակայն երբեք չաշխատեցին սեփական վարկանիշի բարձրացման վրա։
Արդյունքում՝ այսօր ընդդիմությունը չունի ոչ լեգիտիմություն, ոչ իրական օրակարգ, ոչ էլ ցանկություն ստանձնելու այն պատասխանատվությունը, որը պահանջում է Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական օրակարգը։ Այսինքն՝ հասարակության առաջ ծառացած հիմնարար խնդիրների վերաբերյալ ընդդիմությունը չունի հստակ դիրքորոշում կամ պատրաստակամություն ստանձնելու պատասխանատվություն՝ այլ կերպ ասած՝ լինել քաղաքական լուրջ այլընտրանք։