24.06.2025
ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խնդիրը կարող ես լուծել, երբ ինքդ ուղնուծուծով խնդիր չլինես

Ավելի քան 20 օր երկրի վարչապետի թեթև ձեռամբ Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցը կուսակրոնության ուխտի խախտման խնդիրն է: Իրավական, կանոնական, բարոյական որևէ հիմնավորում, որ մարդու անձնական կյանքը անձեռնամխելի է, դժբախտաբար հասանելի չի դառնում երկրի բարձրագույն իշխանավորին:

Ավելին, անձը չի կարողանում ըմբռնել, որ փողոցային բամբասանքների և հերյուրանքների տարածումը անհարիր է իր հանգամանքին, վնասակար երկրին և ուղղակի խարխլում է հասարակության հիմքերը:

Նրա բերած փաստարկը մեկն է. հոգևորականը չի կարող ունենալ «անձնական կյանք» : Նա նույնիսկ չի կարողանում ըմբռնել «անձնական կյանք» հասկացության բովանդակությունն ու տարողությունը:

Հատուկ «օժտվածների» համար ուզում եմ մեկընդմիշտ արձանագրել, որ «անձնական կյանք» հասկացությունը վերաբերում է ոչ միայն նյութական ու կենսաբանական առարկաների ու մարմինների հետ մարդու շփումին, այլ այն ամենին, ինչ մարդը տեսնում է, զգում է, որպես տեղեկություն տիրապետում է, որպես փորձառություն ապրում է:

Չի կարելի դիպչել այս ամենին և առավել ևս չի կարելի հանրայնացնել: Դա հղի է մարդկանց միջև պառակտություն և թշնամանք սերմանելու վտանգով և ի վերջո հասարակությունը բարոյալքելու վտանգով: Դրա համար է, որ եկեղեցին հոգևորականների ընդունած խոստովանությունների միջոցով հայտնի դարձած մեղքերի բացահայտումը և տարածումը խստիվ դատապարտում է, և տվյալ հոգևորականին պատժում կարգալուծությամբ:

Պատկերացնենք, որ յուրաքանչյուր հոգևորական այսօրվանից սկսի հանրայնացնել այն ամենը, ինչին տեղեկացել է խոստովանության միջոցով:

Ո՞րն է լինելու դրա բարիքը. հասարակության առողջացու՞մը, թե՞ քայքայումն ու կործանումը: Եվ արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը: Հարց է առաջանում. արդյո՞ք պետք է, որ հանրայնացվի անմիջապես իր ընտանիքում տիրող բարքերն ու իրավիճակները:

Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «ընտանիք չկա, որ խնդիր չլինի»: Խնդիրները պետք է լուծել սիրով և համբերատարությամբ և ամենակարևորը, խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր:


Հայր Հովհաննես Թորգոմյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել են անվճար փաստաբանական խմբեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ