25.11.2024
Հայաստանի տարածքում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ռոբերտ Քոչարյանը բանակցել է Արցախի 6-7 շրջանի վերադարձի մասին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Առավոտ» թերթը գրում է. «Լրագրող Թաթուլ Հակոբյանն «Առավոտ»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է մի փաստաթղթի շուրջ, որտեղ խոսք է գնացել 6,6.5-7 շրջանի վերադարձի մասին։ Նա մանրամասնեց. «Պետք չէ ամբողջ իսկությունը տանել նրան, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հող տվողներ են, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայրենասեր էր եւ հող չէր տալիս։ Նա էլ էր բանակցում մի փաստաթղթի շուրջ, ըստ որի՝ Հայաստանը գոնե փաստաթղթային մակարդակով պատասխանատվություն էր հայտարարում, որ Ղարաբաղի կարգավիճակի, անկախության դիմաց հայկական կողմը հետ տա առնվազն վեց շրջաններ»։ Թաթուլ Հակոբյանը գերադասեց չանդրադառնալ մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ պատճառաբանելով, որ եթե անգամ նրանց ծրագրում դրված են Ղարաբաղյան կարգավորման թեզերը, դա մի բան է, այլ բան է, երբ իշխանության մեջ են և ռեալ վարում են բանակցություններ»:


«ժամանակ» թերթը գրում է, «ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց Միացիալ Նահանգներ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում։ Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել ՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին։ Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սփյուռքում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնի և թույլ չտա, որ այդ շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը։ Մեր տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ որոշ թեկնածուներ կրիմինալ աշխարհի այս կամ այն ներկայացուցչի հետ են նախընտրական քարոզի գնում: Նախօրեին Կոտայքի մարզում քարոզչություն են իրականացրել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ գյուղեր են այցելել: Քաղսի գյուղում նրանց հետ է եղել քրեական հեղինակություն հրազդանցի Արթուրիկը, որն առավել հայտնի է Սիրոյի Արթուր անվանումով: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը հենց Սամվել Սանամյանն էր ՀՀԿ-ի համար ձայներ ապահովում. անձամբ շրջելով տեղամասերում՝ նա հրահանգներ էր տալիս ՀՀԿ-ի վստահված անձանց»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես եւ սպասվում էր, վերջին օրերին հայկական դրամը շոշափելիորեն արժեվորվել է: Երեկ մեկ դոլարի հաշվարկային փոխարժեքը ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 483 դրամ 51 լումա այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին մոտ 486 դրամ էր: Սա, իհարկե, պայմանավորված է մարտի 21-ին հարեւան Իրանում տոնվող Նովրուզով: Այդ օրերին մի քանի տասնյակ հազարավոր իրանցիներ մի քանի օրով այցելում են Հայաստան եւ այստեղ նշում տոնը: Ընդ որում, հիմնական հոսքը կսկսվի այսօր, բայց արդեն Հայաստան եկած իրանցիների ծախսած արտարժույթը ազդեցություն է թողել դրամի փոխարժեքի վրա: Ըստ որոշ հաշվարկների, իրանցի զբոսաշրջիկների հոսքը 2-2.5 տոկոսով արժեվորում է դրամը: Անցած տարի այս օրերին Հայաստան էին ժամանել մոտ 32 հազար իրանցիներ: Թե ինչպիսին կլինի այս տարվա ցուցանիշը, դեռ դժվար է ասել: Վերջին տարիներին նկատվում է միտում, որ շատ իրանցիներ մուտք են գործում Հայաստան, սակայն ճանապարհը շարունակում են մինչեւ Վրաստան եւ հանգրվանում այնտեղ: Դա պայմանավորված է նրանով, որ Վրաստանի զբոսաշրջային ինդուստրիան ավելի լավ է զարգացած: Այս տարի արձանագրվելիք ցուցանիշները ցույց կտան, թե որքանով է ավելի գրավիչ դարձել Հայաստանը մեկ տարվա ընթացքում»:


«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի և ՀՀ Պաշտպանության նախարարի հետ»,- այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած երկօրյա այցի արդյունքները։ Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ անկասկած, Հայաստանում սահմանադրական փոփոխությունները հաշվի առնելով՝ այցը որոշակի նշանակություն ունի նաև այդ առումով, քանի որ նախագահի ֆիգուրն ապրիլի 2-ից հետո այլևս չի ունենալու այն նույն նշանակությունը, ինչ ներկայումս, իսկ հայաստանյան քաղաքական դաշտում գերիշխող դիրքեր են ունենալու ՀՀ Ազգային ժողովն ու Կառավարությունը։ Նա հիշեցրել է, որ հունվարին Ռուսաստանում բնակվող մի շարք հայ բիզնեսմեններ հայտարարություններ արեցին, որ աջակցում են ՀՀ նախագահի և կառավարության բարեփոխումներին:


Հարցին, թե այնուամենայնիվ Մոսկվան չունի՞ արդյոք ֆավորիտ ուժեր հայաստանյան ընտրապայքարում, Անդրեյ Արեշևն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխըմբռնման բավականին լուրջ մակարդակի են հասել ինչպես՝ ՀՀ նախագահի, այնպես էլ՝ ՀՀ գործող վարչապետի և ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որոնք մինչ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցն այցեր կատարեցին Մոսկվա։ «Ինչպես գիտեք, այդ մարդիկ բավականին լուրջ դերակատարություն ունեն իշխող Հանրապեական կուսակցության թիմում, գիտենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարություններ արեց, որ, եթե Հանրապետական կուսակցությունը հաղթի գալիք ընտրություններում, ապա Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել Կառավարությունը։ Կան նաև այլ լուրջ խաղացողներ, այդ թվում կցանկանայի նշել Գագիկ Ծառուկյանին, ով լուրջ բիզնես կապեր ունի Ռուսաստանի հետ։ Սակայն գիտեք, որ հունվարին Ռուսաստանում բնակվող մի շարք հայ բիզնեսմեններ հայտարարություններ արեցին, որ աջակցում են ՀՀ նախագահի և կառավարության բարեփոխումներին։ Այնպես որ, կարծում եմ, որ ՀՀ կառավարության, իշխանության գործունեությունն ընթանում է դրական ուղղությամբ, դա նկատվում է, Մոսկվայում այն ընկալվում է ըստ արժանվույն, այդ գործունեությունն ընդունվում է փոխըմբռնման անհրաժեշտ մակարդակով»,- ակնարկեց Անդրեյ Արեշևը»: