Կրթական հաստատությունում վիճաբանության պահին 17-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին
Հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակով հարվածել է 17-ամյա տղայի կրծքավանդակին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Հաջորդ օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում տուժածը «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ ոստիկանների ու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հունիսի 14-ին վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով կասկածյալը հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։