Իջևան համայնքի զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը վերադարձվել են համայնքին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։
Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ բավարարելու մասին վճիռներ: Վճիռներով դադարեցվել են՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Թատերական փողոցի թիվ 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը, Թատերական փողոցի թիվ 18/6 հասցեում գտնվող՝ 322.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը, Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 360.1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:
Վճիռներն օրինական ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից մեկ ամիս անց:Հիշեցնենք, որ վերոնշյալ 16 հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանողի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին դիմում էր ներկայացվել Կադաստրի կոմիտե՝ խնդրելով դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը:Կադաստրի կոմիտեում նույն օրը կատարվել էր Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի պետական գրանցման դադարեցումը. հողամասը վերադարձվել էր համայնքին:
Վերոնշյալ 16 հայցադիմումներից ևս մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Կողմը ներկայացրել է վճռաբեկ բողոք: